Գողացված, ապա կրկնակի վաճառված մեքենան հայտնաբերվել է. կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Փետրվարի 7-ին՝ ժամը 20:45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի 39-ամյա բնակիչը: Պարզվել է նաև, որ նա մի քաղաքացու էվակուատորով մեքենան տեղափոխել է Թալին, որտեղ արդեն այն վաճառել է 43-ամյա համաքաղաքացուն, նա էլ այնուհետև ապամոնտաժելու նպատակով մեքենան վաճառել է Թաթուլ գյուղի 42-ամյա բնակչին:

«Մերսեդեսը» հայտնաբերվել և առգրավվել է:

Թալինցի 39-ամյա և 43-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթը շարունակվում է:

 --00—ԼՀ