Բաքուն դատապարտել է Բորելի երեկվա հայտարարությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

ադ

Բաքուն դատապարտել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բերելի՝ երեկ «Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները»։ Այս մասին հայտնում է «Ազատությունը»

Բորելը երեկ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպումից ու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստից հետո իր հայտարարությունում ցավալի էր համարել ադրբեջանցի զինվորի վրա հայկական կրակոցը, միևնույն ժամանակ Ադրբեջանի արձագանքն էլ անհամաչափ որակել։

Ադրբեջանի արտգործնախարարությունը Բորելին մեղադրել է «Հայաստանի կողմից ռազմական սադրանքն անտեսելու» մեջ։

«Ցավոք, ԵՄ-ն անտեսում է դիպուկահարի կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորումը` առանց որևէ հրահրող գործոնների հինգ ամսվա կայունությունից հետո», - հայտարարել է Բաքուն՝ նշելով․ - «Հայկական սադրանքին ի պատասխան Ադրբեջանի ձեռնարկած քայլերը բավական համարժեք էին և լոկալ բնույթի: Բաքվի գործողությունը կանխեց նաև ռազմական էսկալացիան ընդլայնելու հայկական փորձերը»։

«Կրկին ափսոսանքով նշում ենք, որ, չնայած Եվրամիության խորհրդի նախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Շառլ Միշելի խաղաղասիրական նախաձեռնություններին, Արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչը, միակողմանի, հայանպաստ դիրք գրավելով, պատնեշ է ստեղծում Ադրբեջանի և Եվրամիության կառույցների միջև և, հետևաբար, իրեն լիովին մեկուսացնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացից», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Երեկ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել է 4 զոհի և մեկ վիրավորի մասին։ Ժամը 09:30-ի դրությամբ կրակը դադարել է։

Բաքուն հաղորդել է, թե «Հատուցում» գործողություն են իրականացրել՝«ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի»։

Երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել: Երևանն էլ արձագանքել էր՝ քննում է հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկությունը։

--00—ԼՀ