Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

հան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին, ինչպես նաև Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ու ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին ԹՊԻՀ գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերվող շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար՝ Սասուն Խաչատրյանը Մայքլ Վասկոյին ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, անդրադարձել կադրերի ընտրության և համալրման գործընթացին, օպերատիվ ծառայողների պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայության հարցերին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի կողմից վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաև ամերիկյան կողմի աջակցությամբ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունն ու դրանց գործարկման նպատակով Կոմիտեի ծառայողների համար վերապատրաստումներ անցկացնելու հնարավորությունները:

Ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:

--00—ԼՀ