Սահմանվեց սնդիկով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը ՀՀ-ից և ներմուծումը ՀՀ արգելվում է 6 ամսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

սն.

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում սահմանեց Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից:

Այս նախագծով Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանից և ներմուծումը Հայաստան արգելվում է։

Կառավարության որոշմամբ դեռեւս 2023-ի  օգոստոսին սահմանվել է նման ցանկ, որի գործողության ժամկետը 6 ամիս է:

Նախագծի հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 4-րդ կետով առաջարկվում է սահմանել սնդիկ պարունակող այն նյութերի անվանումները և դրանց համապատասխանող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը, որոնք շատ երկրներում նախկինում օգտագործվել են որպես կենսասպան (բիոցիդ, ախտահանիչ) նյութ, սակայն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար խիստ թունավոր հատկությունների պատճառով դրանց շրջանառությունը սահմանափակված է, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետություններում, իսկ դրանց փոխարեն օգտագործվում են սնդիկ չպարունակող ախտահանիչ և կենսասպան այլ՝ նվազ վտանգավոր նյութեր։

Նախագծով նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանից արտահանման և Հայաստան ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։

Նախագծով նախատեսվում է  ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով  արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության, ռազմական, հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական), սարքերի չափաբերման և որպես չափանմուշ (էտալոն) օգտագործման նպատակով։

Նախագծի ընդունումը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։

--00—ԼՀ