Նոր պատերազմն առարկայական է դառնում, Ալիևն ասաց՝ Հայաստանի 14․000 քկմ-ն Ադրբեջանինն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

Ալիևն ասում է՝ Ադրբեջանը 100․000 քկմ է, այսինքն՝ ՀՀ-ից 14000 քկմ-ը նա համարում է իր տարածքը։ Պատերազմը առարկայական է դառնում, Ալիևը հավակնություններ է ցույց տալիս Հայաստանի 14․000 քկմ-ի նկատմամբ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ օրերս ասուլիսում արած հայտարարություններին։

«Հայաստանը սպիտակ դրոշով պարտվողական օրակարգով «Խաղաղության խաչմերուկից» է խոսում, իսկ Ադրբեջանը բացահայտ ռազմական օրակարգ է առաջ բերում։ Ալիևն ասում է՝ թքել եմ բոլոր խաչմերուկների վրա, միջանցք լինելու է, այլապես սահմանները չեն բացվի։ Ալիևը մատ է ցույց տալիս, ասում է՝ սահմանային դյուրացված ռեժիմ չի լինելու, ադրբեջանցիները Հայաստանում պետք է առանց հսկման տեղաշարժվեն, Փաշինյանը փակուղու մեջ է հայտնվել, նա այլևս չի կարողանում բանակցել»,- ավելացրեց Զոհրաբյանը։

 Անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում մեկ շաբաթում երեք մահվան դեպքին՝ քաղաքական գործիչը նկատեց, որ Փաշինյանը մեկ ցնցուղի համար քաղշինի նախագահին ու մարզպետներին աշխատանքից ազատում է, իսկ մեկ շաբաթում երեք զոհի դեպքում պաշտպանության նախարարը մնում է պաշտոնին։ «Հայրենասիրությունից է խոսում, խաղաղ պայմաններում բանակում երեք զոհի դեպքում պետք է հրաժարական տար ոչ միայն պաշտպանության նախարարը, այլ նաև Փաշինյանը, դա է հայրենասիրությունը»,- ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ