Ադրբեջանը կորցրեց ինքնիշխանությունը, պարահանդեսը ղեկավարում է Թուրքիան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ալիև

Ադրբեջանը կորցրեց ինքնիշխանությունը, պարահանդեսը ղեկավարում է Թուրքիան

Հայաստանը՝ ինքնիշխանության ամրապնդման ճանապարհին 

Արցախի և Հայաստանի նկատմամբ սկսված արյունոտ արկածախնդրության թուրքական գործոնը վկայում է, որ Ադրբեջանն այլևս անդառնալիորեն կորցրել է ինքնիշխանությունը։ Պաշտոնական Բաքուն ու Իլհամ Ալիևը չէ, որ որոշում են պատերազմի սկսման ու ավարտման ժամկետները, դրա ուղղություններն ու նրբությունները, ադրբեջանական վարչակարգը չէ, որ պատասխանում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հայտարարություններին Սիրիայից և Լիբիայից միջազգային ահաբեկչական կառույցների՝ ռազմաճակատ տեղափոխելու մասին։

Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակի, ահաբեկչական խմբավորումների գործողությունները ղեկավարում է Թուրքայի բանակի Գլխավոր շտաբը՝ այն է, Ռեջեփ Էրդողանը, որն էլ հաստատել է իրական իշխանություն Ադրբեջանում։ Ալիևյան կլանն այն աստիճան է կորցրել կառավարման ղեկը, որ ամեն օր միջազգային մամուլում ահագնանում են լուրերը ծայրահեղ իսլամիստների՝ տեղի բնակավայրերում կատարած վայրագությունների մասին։ Քաղաքակրթական այս պայքարի մի ծայրում Թուրքիան է՝ միջազգային ահաբեկչական ցանցով, ադրբեջանական վասալային բանակով ու սեփական զինուժով, իսկ մյուս կողմում Հայաստանն ու Արցախը, որոնք պատվարի պես կանգնել են քաղաքակիրթ աշխարհ տանող ճանապարհի վրա կառուցված բերդաքաղաքի պարիսպներին ու չեն թողնում «սարանչայների» մուտքն այնտեղ։ 

Ալիևի հեղինակությունը միջազգային ասպարեզում այլևս այնքան է ընկել, որ նրան գրեթե բացահայտ մեղադրում են ստի մեջ։ Ուղղակի ապտակ էր Ռուսաստանի ԱԳՆ-ի ու Ֆրանսիայի նախագահի հայտարարությունն այն մասին, որ կան հստակ տեղեկություններ հակամարտության գոտում գտնվող ահաբեկիչների մասին։  Փաստ է, որ Ալիևն այլևս ի վիճակի չէ կանգնեցնել միջազգային ահաբեկչական ցանցի ներմուծումն իր երկիր, և էլ ավելի ակնհայտ է, որ ջիհադիստների առկայությունն Ադրբեջանում շատ արագ դառնալու է այդ երկրի ներքին խնդիրը։ Այս իրականությունում ամենաշատը տուժելու է հենց պաշտոնական Բաքուն, իսկ Անկարան ցանկացած պարագայում շահած է դուրս գալու։ Նախ, Թուրքիան վասալացնում է Ադրբեջանին, ինչպես արդեն նշել էինք, զրկում նրան փաստացի ինքնիշխանությունից, և, վերջապես, հագուրդ տալիս Էրդողանի ամբիցիաներին, որն արդեն իրեն դրսևորում է իբրև երկրորդ Հիտլեր։  Նաև սա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Պուտինի, Թրամփի և Մակրոնի՝ կրակը դադարեցնելու մասին հայտարարությանը նախ պատասխանում է Էրդողանը, ապա և ավելի ուշ կիսատ-պռատ հայտարարություն է հնչում Բաքվից։ 

Եվ եթե մեր իրական թշնամին Թուրքիան է, նա է հակամարտության հիմնական կողմը, ապա պաշտոնական Երևանն ի լուր ողջ աշխարհի կարող է հայտնել, որ հրաժարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Բաքվի հետ բանակցելուց՝ հաշվի առնելով, որ այնտեղ տեղական իշխանություն չկա, փոխարենը պատրաստ է ճանաչել իբրև հակամարտության պաշտոնական կողմ Անկարային ու խոսել հարցերի ավելի մեծ փաթեթ՝ ընդհուպ մինչև Ցեղասպանության խնդիրը։ 

Ալիևի «փայլուն կրթությունը», ռուսական МГИМО-ի դիպլոմն ու սովետական նոմենկլատուրային ընտանիքին պատկանելու փաստը չօգնեցին, որպեսզի նա դառնա Ստամբուլի արվարձաններից դուրս եկած ու աղքատության մեջ մեծացած Էրդողանի գերին։ 
Ինչ վերաբերվում է Թուրքիայի բռնապետին, ապա աշխարհը կարծես բաց թողեց այն պահը, երբ մեծանում ու իր ծավալներով ահագնանում էր երկրորդ Հիտլերը։ Սիրիայում, Լիբիայում, Իրաքում ավերածությունները, Միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ վարվող ատելության քաղաքականությունը, Իսրայելի հետ ծայրաստիճան սրված հարաբերություններն ու Արցախում կատարվող հանցագործությունները վաղ թե ուշ նստացնելու են նրան ռազմական հանցագործի աթոռին՝ ունենալով իբրև մեղադրյալ ողջ քաղաքակիրթ աշխարհը։ 

Իսկ Հայաստանն այսօր օր օրի ավելի է ամրապնդում իր ինքնիշխանությունը՝ դիմակայելով ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ բանակին ու նրա վասալային զորքերին։ Այս ծանր, արյունալի պատերազմից հետո մենք լիովին հնարավորություն ունենք դառնալու Մերձավոր Արևելքի ամենալուրջ խաղացողներից մեկը։ 

Նարեկ Գալստյան