Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատժամիջոցային որևէ ցանկում չկա․ ԶՊՄԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 23, 24News

զա

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել․

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հիմնադրված և գործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ «Ընկերություն»), սույնով հայտնում է, որ ոչ Ընկերությունը, ոչ Ընկերության բաժնետերերը կամ իրական շահառուները սույն հայտարարության հրապարակման օրվա դրությամբ ընդգրկված չեն պատժամիջոցներ կիրառող որևէ իրավասու մարմնի կողմից հրապարակվող որևէ ցուցակում  և Ընկերության նկատմամբ կիրառելի չէ որևէ միջազգային պատժամիջոց:

Նախկինում Ընկերության իրական շահառու պարոն Գլեբ Տրոցենկոն այլևս չի հանդիսանում իրական շահառու՝ 2023 թվականի հոկտեմբերի 27-ին Ընկերությունում իր անուղղակի ամբողջ բաժնեմասի օտարման հետևանքով: Ներկայում պարոն Տրոցենկոյի և Ընկերության միջև որևէ հարաբերություն առկա չէ:

Ընկերության իրական շահառուների մասին ամփոփ տեղեկատվությունը հասանելի է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ https://www.e-register.am/.../09d58b41-5083-4abd-86c6....

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հավատարիմ է մնում թափանցիկ կորպորատիվ կառավարման իր հանձնառությանը, և օրենքով սահմանված կարգով պարբերաբար իրական շահառուների մասին հայտարարագրերի հրապարակումը ընդգծում է ընկերության շարունակական ջանքերը՝ ապահովելու գործարար վարքագծի ամենաբարձր չափանիշները»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական ընդլայնումն ազդել է նաև գործարար Գլեբ Տրոցենկոյի վրա։

Հայտնի է, որ Տրոցենկոների ընտանիքին է պատկանում GeoProMining հանքարդյունաբերական ընկերությունը, որը միավորում է տարբեր հանքարդյունաբերական ակտիվներ, այդ թվում՝ ոսկու, պղնձի և մոլիբդենի արդյունահանումը Հայաստանում և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Ըստ լրատվամիջոցների՝  Ռոման Տրոցենկոն ԶՄՊԿ-ի իր բաժնետոմսերը հանձնել էր որդուն, և 2022 թվականի ապրիլից հենց նա է հանդիսանում ԶՄՊԿ-ի հիմնական շահառուներից մեկը։

Սա ենթադրում է, որ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները կարող են տարածվել  ԶՄՊԿ-ի վրա։

Այս հարցով մեկնաբանություն ստանալու նպատակով Tert.am-ը դիմել էր ԶՄՊԿ-ին։

--00—ԼՀ