Կառավարությունը չի նշում, թե ինչի դիմաց է ԶՊՄԿ-ից «թանկարժեք նվեր» ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Տնտեսական

Կառավարությունը չի մանրամասնում, թե ինչի դիմաց է որպես նվիրատվություն ստացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։

Հոկտեմբերի 30-ին 24News-ը գրել էր, որ «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը, որի բենեֆիցիարը հանդիսանում է նաև Ռուսաստանի Դաշնության առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար, ՌԴ նախագահի նախկին խորհրդական Միխայիլ Զուրաբովը, գործարքներն անվավեր ճանաչելու պահանջով դատի է տվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությանն ու Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի։

«Զանգեզուր Մայնինգ»-ը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյի կողմից կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի ձեռքբերման գործարքն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջով։ Զուրաբովը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերն է։ 

Կառավարության պաշտոնական էջում հոկտեմբերի 1-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Արդյունաբերական ընկերություն»-ը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։ ««Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30֊ին ձեռք էր բերել ԶՊՄԿ֊ի 60%֊ը»։

Այս գործով պատասխանողներ են նշանակվել Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ վարչապետի աշխատակազմի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ու Մոսկվայում գրանցված «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը։

Նոյեմբերի 2-ին 24News-ը հարցում էր ուղարկել կառավարություն՝ հետաքրքրվելով.

1․ Ինչպե՞ս է մեկնաբանում կառավարությունն այս դատական գործընթացը։

2․ Ինչի՞ դիմաց է կառավարությանը տրվել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը։

Առաջին հարցին պատասխանելիս կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշել է, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 25-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում՝ ԶՊՄԿ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում հրապարակային պարզաբանում է ներկայացրել նշված հարցադրման վերաբերյալ։

ԶՊՄԿ-ի հետ կապված վերջին դատական գործընթացին անդրադառնալով՝ Պապիկյանն ասել էր, որ դա «միանշանակ չի խանգարում» կառավարության գործունեությանը։ «Դա աշխատանքային պրոցես է: Հիմա գործընկերները, ովքեր համարում են, որ այդտեղ կա որոշակի ոչ իրավաչափ գործողություններ, դիմել են դատարան, բնականաբար դատարանը նրանց կպատասխանի: Որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Մենք համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իրավաչափ է, և մենք էլ մեր հերթին պիտի պաշտպանենք մեր դիրքերը և ՀՀ շահերը», - հավելել էր փոխվարչապետը։

Իսկ 2-րդ հարցին գործադիր մարմնից որևէ մանրամասն պատասխան չի տրվել։ ««Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերության կողմից կառավարությանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետիրական կապիտալի 15 տոկոսի նվիրատվությունը կատարվել է համապատասխան պայմանագրի հիման վրա, որով նախատեսվում է, որ մի կողմը տրամադրում է, մյուս կողմը՝ ընդունում։ Գործընթացը իրավաչափ է, և այստեղ այլ իրավահարաբերություն չկա», - ասված է պատասխանում։

Կառավարությունն, ըստ էության, չի նշել, թե ինչի դիմաց է արժանացել այդպիսի «թանկարժեք նվերի»։

Հասարակական

ԶՊՄԿ-ը հրաժարվել էր որևէ մեկնաբանություն տալ այս գործարքի և դատական գործընթացի վերաբերյալ, իսկ նվիրատվությունը կատարած ընկերությունից դեռևս չի հաջողվել որևէ պատասխան ստանալ։

--00--ԿԿ