Խաչատուրյանն ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

խա

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում ընդունել է Արգենտինայում հրեական ասոցիացիաների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցիի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահն ընդգծել է, որ նման այցերը հավելյալ խթան են հանդիսանում հայ-արգենտինական բարեկամական հարաբերությունների խորացման համար:

Հանրապետության նախագահը նաև՝ ի դեմս Խորխե Կնոբլովիցի, շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում ակտիվ գործունեության համար:

Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը կարևորել է պատվիրակության գործունեությունը հակասեմիտիզմի, խտրականության և այլատյացության դեմ պայքարի և միջկրոնական երկխոսության հաստատման բնագավառում, շեշտելով, որ այդ ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Խորխե Կնոբլովիցը նշել է, որ ուրախ է Հայաստան այցելելու համար և շեշտել, որ իրենց կազմակերպությունն ակտիվորեն համագործակցում է թե՛ Արգենտինայում Հայաստանի դեսպանության և թե՛ արգենտինահայ համայնքի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-արգենտինական հարաբերությունների հետագա սերտացման հարցեր՝ այդ թվում երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության խթանման հեռանկարները:

Երկուստեք վերահաստատվել է ժողովրդավարական արժեքների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, ազատ և թափանցիկ ընտրությունների ապահովման անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին, խաղաղության օրակարգի մանրամասներին, ինչպես նաև շեշտել, որ Հայաստանը հաստատուն կերպով առաջ է շարժվում ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման ճանապարհով:

 --00—ԼՀ