ՌԴ-ն հետախուզում է հայտարարել գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

ռ

ՌԴ ՆԳՆ-ն գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել։

«Ռուբեն Ալբերտովիչ Թաթուլյանը հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է գերատեսչության որոնողական տվյալների բազայում, սակայն չի նշվում, թե որ հոդվածով է նա հետախուզվում։ 

Տվյալների բազայում առկա է նաև, որ հետախուզվողն ունի 2020 թվականին Աբխազիայում տրված դիվանագիտական ​​անձնագիր։ Հայտնում է «Հրապարակը»:

Ըստ «Իզվեստիա»-ի՝ օգոստոսի 31-ին իրավապահները խուզարկել են Սոչիում Թաթուլյանի բիզնես կենտրոններից մեկը։ Գործարարը կասկածվում է բազմամիլիարդանոց գողության մեջ՝ հողօգտագործման և Սոչիում առևտրի կենտրոնների և բնակելի համալիրների կառուցման ժամանակ խարդախության մեջ։ 
Իրավապահներն այցելել են նաև գործարար Անդրոնիկ Մումջյանի գրասենյակ, որը նույնպես կարող է առնչություն ունենալ անօրինական գործարքների հետ, հաղորդում է «Իզվեստիան»։ Երկու գործարարներն էլ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս։ 

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Թաթուլյանը 2017 թվականին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, իսկ սահմանափակող միջոցները տարածվել են նաև Սոչիում գտնվող նրա «Վեսնա» հյուրանոցի և Մոսկվայում գրանցված «Նյու Էյջ Մեդիա» ՍՊԸ-ի վրա։

Հարկ է նշել, որ Ռուբեն Թաթուլյանը (հանցավոր շրջանակներում առավել հայտնի է որպես Ռոբսոն) 2016 թվականի կեսերից մինչև 2017 թվականի վերջը եղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի խորհրդականը և ներգրավված է եղել ՌԴ հարավային մարզերում հայ համայնքին օգնելու հարցերով։

 

 --00—ԱՊ