Մեր բացթողումն է, որ primeminister.am կայքում Փաշինյանի չսափրված դեմքն է, բայց չենք հարմարվելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իշխանության հարմար օբյեկտ է սեփական մեղքերը բարդելու համար, 44 օրյա պատերազմի մեղքը բանակի վրա բարդեցին, Արցախի կորստի մեղքը Շահրամանյանի վրա են բարդում։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ 

Անդրադառնալով քննադատություններին, թե ինչու Եվլախի բանակցություններից հետո Ադրբեջանը կարողացավ գերեվարել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին և ինչու չհեռացան, Մամիջանյանը նշեց, որ Արցախի ղեկավարությունը իր անձը ստորադասել է հարյուր հազար մարդկանց փրկության համար, Փաշինյանն իր կաշին փրկելու համար պարզ է՝ ինչ կանի, ինքն է ասել՝ կարող էր պատերազմը կանխել, բայց իրեն դավաճան կասեին։ 

Խոսելով իշխանության կողմից ներքին անվտանգության համար 148 մլրդ դրամ հատկացնելու որոշման մասին՝ պատգամավորը նկատեց, որ դա արվում է բացառապես իշխանությունը պահելու համար․ «Փաշինյանը Հայաստանի անկախ պատմության առաջին գործիչն է, որ անվտանգության աշխատակիցներով է նիստերի դահլիճ մտնում, նա ոչ թե ընդդիմությունից, այլ հայրենասերներից պետք է վախենա, իր կորտեժը միշտ սիգնալներով է անցնում»։ 

Ինչ վերաբերում է ընդդիմության հետագա գործողություններին, Մամիջանյանը ընդգծեց, որ գործողությունների մասին հիմա չի ցանկանում խոսել, բայց ՀՀԿ-ն երբեք չի համակերպվի տիրող իրավիճակի հետ։ «Ընդդիմության բացթողումն է, որ կառավարության պաշտոնական կայքում Փաշինյանի չսափրված դեմքն է։ ՀՀԿ-ից որևէ մեկը չի հարմարվելու այս իրողության հետ, մեր հիմնադիր հայրերը կյանք են տվել Հայաստանի անկախության համար։ Ով անկախությունը կասկածի տակ դնի, իմ թշնամին է։ Որպես լրագրող և վարչապետ՝ պատվերներ կատարող մարդն իրավունք չունի մեզ մեղադրել, թե ընդդիմությունը դեմ է անկախությանը։ Անկախությունը իմ համար բարձրագույն արժեք է, ով այն կասկածի տակ դնի, իմ թշնամին է»,- ավելացրեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ