ԼՂ-ում էթնիկ զտում է տեղի ունենում արդեն 3 տարի, հիմա դա արագանում է. ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1120073

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսին այն համոզմանն է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է իրականացնում արդեն 3 տարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալֆոնսին այս մասին շեշտեց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում՝ ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակման թեմայով քննարկման ընթացքում: 

«Նախ և առաջ, մենք պետք է տեղյակ լինենք, թե ինչ է տեղի ունենում երկարաժամկետ կտրվածքով, ոչ միայն պարզապես հիմա: Էթնիկ զտում է Լեռնային Ղարաբաղում, դա տեղի է ունենում արդեն 3 տարի: Սա այնքան ակնհայտ էր: Չգիտեմ, թե ինչով կարող ենք բացատրել, որ Արևմուտքի, ԵՄ-ի կողմից ավելի շատ արձագանք չի եղել: Եվ հիմա դա արագանում է»,-ասաց Ալֆոնսին:

Պատգամավորը խոսեց նաև Բաքվի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցների բացակայության փաստի մասին: Ըստ նրա՝ հիմա այն, ինչ պետք է անել, մոտեցումը, մարտավարությունը փոխելն է, մոտեցումը պետք է փոխեն եվրոպական դիվանագիտական ծառայությունները, ԵՄ-ն: Պատգամավորը շեշտեց՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը ևս պետք է ինքնաքննադատությամբ զբաղվի ու հարմար բառեր գտնի՝ պախարակելու Ալիևին և Ադրբեջանի ողջ ռեժիմին:

--00—ՅՄ