Համատեղ ջանքերով կկարողանանք գործակցության նոր հարթակներ գտնել. Բրիտանիայի դեսպանը՝ Շիրակի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

378141552_615146490808210_1079551227664857609_n

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին։

Ողջունելով դեսպանին՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է արդեն ձևավորված բարեկամական հարաբերություններին․ «Մեծարգո պարոն դեսպան, որպես Շիրակի մարզպետ բարձր եմ գնահատում Միացյալ Թագավորության աջակցությունը Շիրակի մարզին հետերկրաշարժյան ժամանակաշրջանում, մասնավորապես, Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցի կառուցումը։ Շիրակի մարզպետի աշխատակազմը պատրաստ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունն ու մարզի զարգացմանը միտված նախաձեռնությունների իրականացումը։ Կարծում եմ՝ հնարավոր է իրատեսական օրակարգի քննարկում և հստակ գործնական քայլերի մշակում, որոնց շուրջ կկարողանանք համատեղ աշխատել»։

Դեսպան Գալագերը շնորհակալություն է հայտնել մարզպետին անմիջական ընդունելության համար՝ նշելով, որ ամեն անգամ մեծ հաճույքով է Շիրակի մարզ այցելում․ «Պարոն մարզպետ, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար, ասեմ, որ առանձնակի տպավորված եմ Շիրակում տեղի ունեցած դրական փոփոխություններով, ամեն անգամ ականատես եմ լինում նոր աշխատանքների, այսօր էլ ճանապարհին նկատեցի շինաշխատանքներ, ինչը շատ ուրախալի է։ Շատ ուրախ եմ, որ անդրադարձաք երկկողմ համագործակցությանը, ես ևս հավատում եմ, որ համատեղ ջանքերով կկաողանանք գործակցության նոր հարթակներ գտնել»։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում իրականացվող պետական և մասնավոր տարբեր ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներ են նախանշվել տեքստիլ արդյունաբերությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաները, անդրադարձ է կատարվել կանաց դերի բարձրացմանն ու կանանց քաղաքականության ու բիզնես բնագավառներում ընդգրկվածության բարձրացմանը, ստեղծագործական ձեռներեցության զարգացմանն ու կանանց հզորացմանը։

--00—ՅՄ