Ռուսական հումանիտար բեռը դեռ Բարդայում է. Բաքուն շարունակում է խախտել պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Լ

Ռուսական հումանիտար բեռը, որն այդ երկրի Կարմիր Խաչի կոմիտեն ըստ նախապես ունեցած պայմանավորվածության պետք է տեղափոխեր Աղդամի ճանապարհով Ստեփանակերտ, արդեն երկրորդ օրն է, ինչ կանգնած է ադրբեջանական Բարդա քաղաքում։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, կիրակի Արցախի իշխանությունների և ռուսական կողմի միջև տեղի են ունեցել ինտենսիվ բանակցություններ, սակայն իրավիճակի հանգուցալուծում տեղի չի ունեցել, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել նախօրոք ձեռքբերված պայմանավորվածությունը։

Այսպես, 24News-ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Ստեփանակերտն ու Բաքուն մինչ այդ պայմանավորվել էին, որ ռուսական հումանիտար բեռի անցնելուց հետո՝ տասներկու ժամվա ընթացքում, պետք է բացվեր Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ-ի համար, որոնց միջոցով նախատեսվում էին ՀՀ-ից բեռների տեղափոխում շրջափակված Արցախ։

Ադրբեջանական կողմը, սակայն, վերջին պահին հայտարարել է, թե Լաչինի միջանցքը կբացվի այն դեպքում, եթե Աղդամի ճանապարհով անցնեն ադրբեջանական բեռները, ինչն էլ, բնականաբար, Արցախի իշխանությունները մերժել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական կողմը պատրվակ է փնտրում Արցախի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա սանձազերծելու համար, պատերազմական գործողություններ կարող են սկսվել ամեն վայրկյան։ Այս պահին Բաքվում սպասում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքներին, որը նախատեսվում է այսօր։

 

--00—ԱՊ