Հայկ Մարությանը ծրագիր չունի, դրա համար ստիպված մրցակիցներին է քննադատում. Սուրեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

Հայաստանում անվտանգային լուրջ խնդիրներ կան, բայց չպետք է քաղաքային խնդիրները աչքաթող արվեն և այլ ոլորտները տուժեն։ Մեր մրցակիցների կողմից փորձ է արվում ցույց տալ` իբր խուսափում ենք այդ խնդիրներից, բայց մենք ոչ թե խուսափում ենք խոսել, որովհետև ասելիք չունենք կամ չենք կարևորում, այլ այն, որ այս ընտրությունները այդ շատ կարևոր խնդիրների մասին չեն, այն Երևանում քաղաքային իշխանություն ձևավորելու մասին է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ իշխող ուժը խոսում է տրանսպորտի, աղբահանության, վերելակների խնդիրների կիսով չափ լուծման մասին, իսկ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ վերոնշյալ հարցերի լուծումն իր օրոք կազմակերպելու վերաբերյալ՝ Գրիգորյանը պատասխանեց, որ նրա կողմից ազնիվ չէ ամբողջ թիմի աշխատանքը վերագրել իրեն, քանի որ առանց Կառավարության և ավագանու ոչինչ անել չէր կարող։

«Մասնակից ուժերը ԿԸՀ-ում հրապարակում են իրենց ծրագրերը, իսկ Հայկ Մարությանի կուսակցությունը առհասարակ նախընտրական ծրագիր չի հրապարակել, հասկանալի չէ, թե քաղաքացիներին իրենք ինչ են առաջարկում, ուստի, քանի որ ծրագիր չունի, ստիպված խոսում է մրցակիցներից։

Նա փորձ է անում ներկայացնել, որ ամեն ինչ ինքն է արել, թուղթ ստորագրելով ավտոբուս չի բերվում, այն վճարվել է կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված համաձայնագրով տրամադրված 20 մլն եվրո և 5 մլն դրամաշնորհով, որը տրվել է կառավարությանը, ոչ թե Մարությանին։ Առաջնորդը եսասեր և անձնակենտրոն չպետք է լինի, այդ գործընթացին ներգրավված է քաղաքական թիմը, վարչության պետեր, խորհրդականներ՝»,- ավելացրեց Գրիգորյանը։

Անդրադառնալով վարչական ռեսուրս կիրառելու մասին մրցակից ուժերի կողմից քննադատություններին՝ փոխքաղաքապետը նշեց․ «Վերացական վարչական ռեսուրսից են խոսում, թող նշեն, թե դա ինչ դրսևորում ունի։ Բղավում են վարչական ռեսուրսի չարաշահման մասին, բայց որևէ դիմում չի ներկայացվել ԿԸՀ , որ օրենք է խախտվել։ Ինձ հայտնի չէ, դա ավելի շատ քարոզչական բնույթ է կրում և տպավորություն ստեղծվում, որ օրենքի խախտում է իրականացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ