Փորձ է արվում լռեցնել արդարության համար պայքարող հայ մարդուն․ ՀՅԴ ՀԵՄ-ը՝ Տարոն Մանուկյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

mycollages_96.thumb_.jpg

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել դատարանի՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին մեղավոր ճանաչելու որոշման վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․

«Հունիսի 27-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում որոշում է կայացվել ապօրինի քրեական գործով մեղավոր ճանաչել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանին և մի քանի այլ քաղաքացիների։

Գործը վերաբերում է Գլխավոր դատախազության դիմաց իրավապահ համակարգի ապօրինությունների դեմ տեղի ունեցած ցույցի ժամանակ հնչած վանկարկումներին, որոնք, առանց որևէ ապացույցի, վերագրվել էին տասը քաղաքացիների և դիտարկվել որպես խուլիգանություն։

Ցավալիորեն, այս իշխանության օրոք ապօրինի գործերը և վճիռները կրում են սովորական բնույթ։

Հերթական անգամ շինծու մեղադրանքներով փորձ է արվում վախեցնել և լռեցնել արդարության և հայրենիքի համար պայքարող հայ մարդուն։

Մենք դատապարտում ենք այս ապօրինությունը և վերահաստատում հայրենիքի համար պայքարի բոլոր ճակատներում առաջնագծում կանգնելու մեր վճռականությունը»։

--00—ԶՀ