Սան Մարինոյի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24news

Screenshot_8

Հունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սան Մարինոյի Հանրապետության նորանշանակ դեսպան Դելֆինա Ռոսիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։

Նախարարի տեղակալը շնորհավորել է Դելֆինա Ռոսիին՝ որպես Հայաստանում Սան Մարինոյի առաջին ռեզիդենտ դեսպան նշանակելու առթիվ՝ նրան մաղթելով բեղմնավոր աշխատանք իր առաքելության ընթացքում։ Նա նաև համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Սան Մարինոյի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել բոլոր ջանքերը երկկողմ համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Քննարկվել է նաև քաղաքական խորհրդակցությունների անցկացման հնարավորությունը:

--00—ՅՄ

«»