ԱՄՆ կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Բայդենին իմփիչմենթի ենթարկելու հոդվածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

483e2f2e-4873-4642-b6bf-821318fad317.jpg

Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լորեն Բոբերտը Կոնգրեսում բարձրացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու հարցը, քանի որ, ըստ կոնգրեսականի, նա չի կարողացել կատարել երկրի սահմանները պաշտպանելու իր պաշտոնական պարտականությունները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի գրառումը Twitter-ում:

«Ջո Բայդենը լիովին ձախողել է մեր հարավային սահմանը պաշտպանելու իր սահմանադրական պարտականությունը: Այդ իսկ պատճառով ես Կոնգրեսում իմփիչմենթի հոդվածներ եմ ներկայացրել՝ նրան պաշտոնանկ անելու համար», - գրել է Բոբերտը:

Ավելի վաղ Fox News-ին տված հարցազրույցում Լորեն Բոբերտը Հանրապետական ​​կուսակցության անդամներին կոչ էր արել օգտագործել Ներկայացուցիչների պալատում ունեցած մեծամասնությունը՝ Բայդենին հնարավորինս շուտ պաշտոնից հեռացնելու համար։

«Հաշվի առնելով Ջո Բայդենի կողմից նախագահի պարտականությունները հավատարմորեն կատարելու սահմանադրական երդումը խախտելու լրջությունը… սա այն է, ինչ մենք պետք է անենք Ներկայացուցիչների պալատում ներկայացված մեծամասնության հետ։ Սա մեր պարտականությունն է», - ասել է Լորեն Բոբերտը:

Մայիսի վերջին Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը հայտարարել էր, որ մտադիր է ներկայացնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հոդվածներ։ Ըստ օրենսդրի՝ ներկայիս առաջնորդը չի կարողանում կատարել Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և վտանգ է ներկայացնում պետության ազգային անվտանգության համար։

--00--ԶՀ