Չենք պատկերացնում,որ ՀՀ-ն Արցախը երբևիցե կճանաչի Ադրբեջանի մաս, մենք այնտեղ կկործանվենք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

Նիկոլ Փաշինյանից պետք է հարցնել, թե ինչու՞ չի ասում, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել, բայց ես կրկնում եմ, որ Արցախն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում, եթե Արցախն Ադրբեջանի կազմում լինի, կկործանվենք: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերին։

«Չենք պատկերացնում հայ, առավել ևս՝ Հայաստանի ղեկավար, որ Արցախը կարող է համարել Ադրբեջանի մաս, այդպես նաև ՀՀ ճակատագիրն է դրվում յաթաղանի տակ, ով Արցախը համարեց Ադրբեջանի կազմում՝ նա ՀՀ պետականության գլուխը դնում է յաթաղանի տակ: Եթե ամբողջ աշխարհն էլ տեսնի մեզ Ադրբեջանի կազմում, միևնույն է, մենք մեր հաստատակամությունը կպահպանենք և այդպես նաև իրենք հաշվի կնստեն մեր հետ: Ովքեր ՀՀ-ում կարծում են, թե Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, թող ասեն, իմանանք՝ ում հետ գործ ունենք, Արցախում նման մարդ չկա»,- ավելացրեց Բաբայանը:

Դավիթ Բաբայանի խոսքով, հասարակությունը ևս իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում և դա պետք է բոլորը հաշվի առնեն: Իսկ ինչ վերաբերում է Բաքու-Ստեփանակերտ հանդիպումներին, ապա նա նշեց, որ դա քաղաքական երկխոսությունից շատ հեռու է, քանի որ հանդիպումներում քննարկվում են միայն տեխնիկական և հումանիտար հարցեր:

Անդրադառնալով Ալիևի աշխատակազմի առաջարկին, որ Բաքվում հանդիպեն Արցախի ներկայացուցիչների հետ, Բաբայանը նկատեց. «Նրանց առաջարկը «պետությունը պետության հետ» ֆորմատով առաջարկ չէ, հայտարարել են, թե ուզում են հանդիպել Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական շրջանի հայ հասարակության ներկայացուցիչներ հետ, իսկ դա ի՞նչ է նշանակում, ովքեր են այդ մարդիկ: Հանդիպում կարող է լինել միայն միջազգային հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ