ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն ուժերի հավասարակաշռման դեպքում․ փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

գգ

Կոչերով երբեք խաղաղություն չի հաստատվում․ խաղաղություն հաստավում է այն ժամանակ, երբ կա ուժերի հավասարակշռություն։ Այս մասին 24News-ին ասաց «Ռազմինֆո» ռազմական-վերլուծական կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով մարտի 5-ին Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հարձակման թեմային, որի ընթացքում արցախյան կողմից զոհվել էր 3 ոստիկան։

Վրթանեսյանը նշեց, որ այս պահին հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարկշռություն չկա, ուստի խաղաղություն չի լինելու․ «Ով խոսում է խաղաղությունից, այդ բառն օգտագործում է, իրականում մանիպուլյացնում է։ Երբ որ ասում են՝ «խաղաղության օրակարգ», խաղաղության օրակարգ Ադրբեջանի սեղանին դրված չէ։ Ադրբեջանի օրակարգը տարածաշրջանը հայաթափելն է․ խոսքս ոչ միայն Արցախը հայաթափելու մասին է, այլև՝ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը։

Նույն օրակարգն ունի Թուրքիան։ Դա հնարավոր է կասեցնել միայն ուժերի բալանսով։ Որոշ ժամանակ բալանսը պահպանվեց ռուսական ուժերի առկայությամբ, բայց դա ինչքա՞ն է տեւելու, պարզ չէ։ Որովհետեւ Ուկրաինայի պատերազմի հետեւանքով այսօր Ռուսաստանի հավասարակշռող դերն էլ բավականին նվազել է»։

Ռազմական փորձագետն ընդգծեց, որ Ադրբեջանը պարբերաբար է դիմել է նման քայլերի, ինչպիսին մարտի 5-ի դիվերսիոն հարձակումն էր․ «Մենք բազմիցս այդ մասին զգուշացրել ենք․ որ Ադրբեջանը չի հանգստանալու, անընդհատ դիմելու է նման քայլերի՝ թե՛ լայնածավալ, թե՛ փոքր հարձակումների ձևով»։ Վրթանեսյանն ասաց, որ ադրբեջանցիները որտեղ չեն կարողանում լայնածավալ հարձակումներ իրականացնել, փոքր քայլերով են անում, որտեղ կարծում են կստացվի, դիմում են մեծ քայլերի։ «Օր․՝ Ջերմուկի ուղղությամբ գործողությունները և այլն։ Այդ մասին քիչ են խոսում, այդ թեմաները մոռացվում են։ Բայց հիշենք, որ թշնամին Ջերմուկի գլխին է կախված, Սյունքիում շատ տեղեր, Գորիսի վրա է կախված, Կապան քաղաքի մատույցներում է և այլն։ Բնականաբար, ադրբեջանցիներն ինչ-որ մի պահի օգտագործելու են իրենց նոր դիրքերը, որոնք հնարավորություն են տալիս ավելի խորը հարված հասցնել Հայաստանին, հարձակվել։ Հայաստանի կենտրոնական մասը, Սյունքին կապող հատվածը ադրբեջանիցները հանգիստ կարող են գնդակոծել ցանկացած պահի»,- եզրափակեց փորձագետը։

Մարտի 5-ին, ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական դիվերսիոն խումբը Ստեփանակերտի «Խայփալու» կոչվող տեղանքում զինված հարձակում էր գործել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանության 3 ծառայող զոհվել էր, մեկը ծանր վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց։ Դեպքի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել էր, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, խաղաղության հասնելու միակ ճանապարհը բանակցությունների սեղանն է։

Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել խստորեն պահպանել հրադադարը։ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան թվիթերյան իր էջում գրել էր, որ այս դեպքը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ