ՀՀ ՄԻՊ աշխատակազմում քննարկել են երեխաների իրավունքների վերաբերյալ ոչ բավարար իրազեկվածությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

photo_2023-02-21_18-26-04

Փետրվարի 20-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է այցելել (ոչ պաշտոնական այցով) ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆեն։

Այցելության ընթացքում հանդիպել է ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին առնընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի ներկայացուցիչների հետ։

ՄԻՊ-ին առնթեր երեխաների և երիտասարդների հարցերով խորհրդի ներկայացուցիչների հետ հանդիպման մեկնարկին կոմիտեի փոխնախագահը ներկայացրել է կոմիտեի դերը երեխաների իրավունքների պաշտպանության հարցում՝ նշելով, որ Կոմիտեն համաշխարհային մակարդակով վերահսկում է երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող աշխատանքները և վեր հանում խնդիրները։

ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ջաֆեն նշել է նաև, որ շատ կարևորում է երեխաների հետ հանդիպումները և ամեն անգամ ոգևորվում է երեխաների հետ հանդիպելիս՝ կարևորելով ՄԻՊ-ին առնթեր երեխաների և երիտասարդների հարցերով խորհրդի գործունեությունը ՀՀ-ում և իրականացրած գործողությունները։

Այնուհետև խորհրդի անդամները ներկայացրել են խորհրդին միանալու նպատակներն ու հետագա անելիքները, ինչպես նաև խորհրդի գործունեության շրջանակում իրականացված և նախատեսված աշխատանքները:

Հանդիպման շրջանակում քննարկվել են ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան։ Խորհրդի անդամները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և քննարկել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։ 

Մասնավորապես, քննարկվել են երեխաների իրավունքների վերաբերյալ  ոչ  բավարար իրազեկվածության, կրթության իրավունքի  իրացման խնդիրների և  հավասար հնարավորությանների ապահովման, բուլինգի, խտրականության դրսևորումների, ինչպես նաև Արցախի շրջափակման հետևանքով երեխաների իրավունքների  պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։

--00—ՅՄ