Սոցցանցերում արդարացվում է 28-ամյա բնակչի սպանությունը․ մշտադիտարկում՝ ՀՀ ՄԻՊ աշխատակազմում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

256965

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն նախօրեին մամուլում տարածված` Արմավիրի մարզի 28֊ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ։ Գրություններ են հասցեագրվել պետական իրավասու մարմիններին դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Հաշվի առնելով այն, որ ըստ մամուլի տեղեկությունների` սպանվածը տրանս կին է՝ Պաշտպանն ընդգծում է. իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք սպանությունը տեղի է ունեցել տուժողի գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության շարժառիթով։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում տարածվում է ատելության խոսք, արդարացվում է սպանությունը՝ հաշվի առնելով տուժողի տրանս կին լինելու հանգամանքը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ խիստ դատապարտելի է ցանկացած հիմքով ատելության խոսքի և բռնության կոչերի տարածումը, որը լուրջ վտանգ է ներկայացնում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի տեսանկյունից և կարող է հանգեցնել ատելության հիմքով հանցանքների կատարմանը։

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից։

--00—ՅՄ