Ինչպես հայ փրկարարների խմբի «անհայտ» անդամը կյանքեր փրկեց Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

1104292

Փետրվարի 6-ի վաղ առավոտյան 7․7 մագնիտուդով հզոր երկրաշարժից ժամեր անց հայ փրկարարների խումբն արդեն Թուրքիայի ճանապարհին էր՝ օգնելու աղետից ամենատուժած շրջաններից մեկին՝ Ադըյամանին։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։

Վերջին մոտ հարյուր տարվա ընթացքում տարածաշրջանում գրանցված ամենաուժեղ երկրաշարժից տուժեց ավելի քան 13 մլն մարդ, փլուզվեցին հարյուրավոր շենքեր, հազարավոր մարդիկ մնացին փլատակներում։

Թուրքիայի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար այս օրերին Ադըյաման ու աղետից տուժած մյուս շրջաններ ժամանած փրկարարների աշխատանքը վերջին հույսն էր՝ գտնելու փլատակներում մնացած ընկերոջը կամ հարազատին։

Թեպետ պաշտոնապես հայտարարվել էր, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկում 27 փրկարարից բաղկացած խումբ, սակայն պաշտոնական այս վիճակագրությունից դուրս էր մնացել խմբի կարևոր անդամներից մեկը՝ չորքոտանի փրկարար Ջեկը։ Պարզվեց, որ շուրջ 8 տարվա փրկարարական աշխատանքի փորձ ունեցող Ջեկն իսկական հեղինակություն էր դարձել միջազգային փրկարարների շրջանում։

dgr
Նկարում՝ «շարքային» Ջեկն է՝ պատրաստ կատարել իր առջև դրված ցանկացած հանձնարարություն

«Ջեկը շատ լավ է աշխատել, հարմարվել է տեղանքին։ Չի եղել որևէ խնդիր, որն առաջադրված լիներ և չիրականացվեր։ Անգամ եղել է դեպք, որ Պակիստանից այստեղ եկած փրկարարները դիմել են մեր հրամանատարությանը՝ Ջեկի օգնության խնդրանքով։ Բնականաբար, մենք ընդառաջել ենք, և նրանք Ջեկի միջոցով կարողացել են մեկ անձի ողջ դուրս բերել փլատակներից»,- պատմեց փրկարարական խմբի անդամ Օնիկ Վարդանյանը՝ նշելով, որ Ջեկն առաջին անգամ է մասնակցում նման լայնածավալ փրկարարաորոնողական աշխատանքների։

Այն, որ շունը կարճ ժամանակում դառնում է բոլորի սիրելին, ինքներս համոզվեցինք հայ փրկարարներին այցելելուց րոպեներ անց, երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց, դիվանագետ Սերդար Քըլըչը, ով Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Ադըյամանում այցելելու էր եկել հայ փրկարարներին, մոտեցավ շանն ու սկսեց շոյել նրա գլուխը, խաղալ նրա հետ։ «Շատ լավն է»,- պտտվեց ու ասաց մեզ Քըլըչը, ապա սիրով լուսանկարվեց Ջեկի հետ, ում շնորհիվ հայ փրկարարներն Ադըյամանում ընդհանուր առմամբ երկու ողջ մարդու են դուրս բերել փլատակներից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ