Քննարկվել են վարժական հավաքների մասնակիցների շրջանում անցկացված հարցումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

photo_2023-01-20_15-02-34

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայինների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի մամուլի ծառայությունից։

Իր խոսքում վարչապետը նշել է. «Զինված ուժերի մեր բարեփոխումներն ավելի հասցեական դարձնելու համար մենք դեռևս մի քանի ամիս առաջ նախաձեռնել և պատվիրել էինք սոցիոլոգիական  հարցում՝  վարժական հավաքներին ընդգրկված պահեստազորայիների շրջանում: Եվ արդեն մոտավորապես 10-15 օր հարցման արդյունքները պատրաստ էր ու դեռևս նախօրեին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից առաջ, այս օրը պլանավորում էինք լսել հարցումների արդյունքները, որոնք կներկայացնի հարցումներն իրականացրած ընկերությունը: Որոշեցինք չհետաձգել միջոցառումը, մանավանդ, որ այն նախապես պլանավորված էր»:

Հաջորդիվ  մանրամասն ներկայացվել են հարցման արդյունքները, վարժանքների կազմակերպման ու անցկացման գործընթացի վերաբերյալ և դրական, և բացասական դիտարկումներն ու կարծիքները, ինչպես նաև բարձրաձայնված խնդիրները:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հարցման արդյունքների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը փոխանցել Պաշտպանության նախարարությանը՝ վարժանքների հետագա կազմակերպման գործընթացում այն հաշվի առնելու և ներկայացված խնդիրները լուծելու նպատակով:

--00—ՅՄ