44-օրյայից հետո Չարեքտար գյուղի բնակիչների մի մասն է ցանկացել վերադառնալ և վերանորոգել տները, դպրոցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

չ

Պատերազմից հետո գրություն ենք ստացել Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքի ղեկավարից այն մասին, որ գյուղի բնակիչները ցանկություն են հայտնել կրկին վերադառնալ և բնակվել: Այնուհետև կազմակերպվել են գյուղի այրված, ավերված տների վերականգնման աշխատանքները: Վերանորոգվել, վերակառուցվել և կահավորվել   է մոտ  25 առանձնատուն ու դպրոցը: Վերականգնվել է գյուղի էլեկտրամատակարարումը,  իսկ ջրամատակարարումն ապահովելու համար արդեն պատրաստ է արտեզյան ջրհորը: Հաշվի առնելով, որ ինչ-ինչ պատճառներով բնակիչների մեծ մասը չեն վերադարձել , ապա նախարարությունը նպատակահարմար չի գտել շարունակելու նախանշված ծրագրերը և որոշ աշխատանքներ դադարեցվել են:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Շահումյանի շրջանի Չարեքտար համայնքում պատերազմից հետո իրականացված բնակարանաշինական ծրագրին:

Անդրադառնալով պատերազմից հետո Արցախում մեկնարկած շինաշխատանքներին՝ նխարարը նշել է՝ Արցախյան առաջին պատերազմից հետո մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը Արցախում երբեք նման ծավալի շինարարություն չի իրականացվել:

«Այս ընթացքում վերանորոգել ենք նաև տեղահանվածների համար նախատեսված ավելի քան 450 հին, տիրազուրկ տուն, զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող՝  մոտ  300 տուն: Նման ծավալները բնական է, որ առաջացնելու էին համապատասխան խոչընդոտներ ու խնդիրներ: Դրանցից հիմնականն աշխատուժի սղությունն է, որ զգացել ենք պատերազմից հետո և առկա է մինչև հիմա: Որոշ չափով չեն բավարարում ֆինանսական միջոցները, քանի որ ծրագիրը բավականին մեծ ու ծախսատար է»,- նշել է նա

Նախարարը հետպատերազմյան երկու տարվա գլխավոր ձեռքբերումը համարում է բնակարանաշինությունը:

«Բնակարանաշինությունը մարդկանց հույս է տալիս, որ եթե կառուցվում է, ուրեմն կառուցվում է ապրելու համար: Պատերազմից հետո մեր առաջին խնդիրը եղել է հիմնականում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերանորոգումը, որ մեր հայրենակիցները ժամանակին վերադառնան իրենց օջախները, իսկ պետության կողմից  հնարավորինս շուտ աջակցություն ցուցաբերվի, որպեսզի ապրելով ու ապրեցնելով  շարունակենք շենացնել Արցախը: Իրականում շատ ծանր օրեր ենք ունեցել այս ընթացքում, սակայն այն, ինչ հաջողվել է իրագործել այս ընթացքում, իմ համոզմամբ, հուսադրող է»,- ասել է Սարգսյանը: