Հանրային քննարկման են դրվել դպրոցի տնօրենի մրցույթի անցկացման և նշանակման կարգերի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

145

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման» և «Պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման և նշանակման» կարգերի նախագծերը:

Նախագծերի անհրաժեշտությունը բխում է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության պահանջից, որտեղ ամրագրված է ուսհաստատություններում կառավարման գործընթացի տարանջատումը տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի միջև:

Հաստատության ուսումնադաստիարակչական և վարչական գործընթացների կառավարումը  վերապահվում են տարբեր ղեկավարների՝ ուսումնադաստիարակչական մասի գործադիր մարմինը տնօրենն է, իսկ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է վարչատնտեսական համակարգողը, որոնց լիազորությունների, պարտականությունների ու պատասխանատվության մասին դրույթները սահմանված են օրենքով: Տարանջատման արդյունքում ակնկալվում է արդյունավետ կառավարում՝ գործառույթների և պատասխանատվության հստակ բաշխմամբ:

Ուսումնական հաստատության կառավարման առաջարկվող նոր մոդելով վարչատնտեսական  համակարգողն իրականացնում դպրոցի վարչական, տնտեսական և ֆինանսական կառավարումը։ Համակարգողը տնօրենի հետ իրականացնում է միայն ուսումնական գործընթացի պլանավորում և համապատասխանաբար անհրաժեշտ պայմանների ապահովում։ Տնօրենը չի զբաղվում վարչական, տնտեսական և ֆինանսական հարցերով. նա իրականացնում է մանկավարժական աշխատողների մրցույթի կազմակերպման, ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանավորման գործընթացները։

Այսպիսով՝ ուսումնական հաստատության կառավարումը տարանջատելու արդյունքում գործադիր մարմին համարվող երկու ղեկավարները կզբաղվեն հավասարապես կարևոր և աշխատատար գործառույթներով՝ դրանք իրականացնելով համագործակցային  մեխանիզմով:

--00—ԻԴ