Փաշինյանը կարևորում է այնպիսի քաղաքականության վարումը, որ հիվանդությունները վաղ ախտորոշվեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

վց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այնպիսի քաղաքականության վարումը, միջավայրի ձևավորումը, որ հիվանդությունները վաղ ախտորոշվեն, կանխվեն, ոչ թե ստիպված լինեն դրանք բուժել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈՒԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը: 

Փաշինյանն ուրախությամբ նշեց, որ առողջապահության ոլորտի՝ և՛ պետական, և՛ մասնավոր ընկերությունները, կազմակերպությունները նաև խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվում, որոնց բյուջետային մուտքերը ծառայում են նաև առողջապահության ոլորտի ֆինանսավորմանը: 

«Ուռուցքաբանության ազգային կենտրոնն, իհարկե, մեր երկրի կարևորագույն առողջապահական ինստիտուտներից, հաստատություներից մեկն է: Եվ մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ, իսկապես, ուռուցք ունենալը դատավճիռ չէ: Հատկապես ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղը սկսվում է դասվել սովորական հիվանդությունների շարքին: Ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք քայլ առ քայլ հասնել նրան, որ Հայաստանում ևս այդ ընկալումը հաստատվի: Մեզ համար ամենակարևորն է՝ ամեն ինչ անել, որ ստիպված չլինենք հիվանդությունները բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականություն ու  միջավայր ստեղծել, որ հիվանդությունները վաղ ախտորոշվեն ու կանխվեն: Այս գործողությունների շղթայական գործարկման պայմաններում դրական ելքն ավելի հավանական կդառնա»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը հայտնեց, որ Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցչի հետ կապված շատ կարևոր որոշում կայացնելու շեմին են, որը պետք է օգնի, որ ուռուցքները վաղ հայտնաբերվեն ու հնարավոր լինի  պատշաճ մակարդակով նաև այս խնդիրը լուծել:

«Նման հաստատությունների զարգացմամբ մենք նոր մակարդակի առողջապահություն կունենանք, չնայած պետք է ասեմ, որ մինչև այս պահը առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ մենք ամաչելու շատ քիչ բան ենք ունեցել, անգամ ավելին՝ չենք ունեցել։ Եթե անգամ եղել են ինչ–որ խնդիրներ, օրինակ՝ շենքային ենթակառուցվածքները, դրանք ժամանակի ընթացքում լուծվել են: Գիտամասնագիտական ոլորտում մենք շատ լուրջ հաջողություններ ենք ունեցել և հիմա ժամանակն է, որ այդ հաջողությունները հնարավորինս համահունչ լինեն միջանցքային պրոցեսների հետ:  Ժամանակն է, որ մենք առողջապահության հասանելիության նոր մակարդակ ունենանք ամբողջ հանրապետության ծածկույթով և ինչպես այսօր խնդիր ենք համարում կրթության հասանելիությունը, նույնպիսի կարևոր խնդիր է առողջապահության հասանելիությունը բոլոր մարզերում, բոլոր գյուղերում։ Պետք է լինի ճիշտ ենթակառուցվածք, որպեսզի պացիենտին ճիշտ օղակում ճիշտ սպասարկեն»,- եզրափակեց վարչապետը:

--00—ԻԴ