Մենք պարտավոր ենք համազգային համախմբվածությամբ կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Սասուն Միքայելյան

ՀՀ Անկախության տոնի առթիվ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հանդես է եկել ուղերձով, որում ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:

Տարբեր բնագավառներում ցուցաբերելով բարձր առաջադիմություն ՀԱՅ մարդը միշտ աչքի է ընկել իր պայքարող տեսակով:

Այսօր էլ այդ պայքարող հայը գործի դնելով իր բոլոր ուժերը կանգնած է մեր պետության կողքին. կյանքի գնով պաշտպանում է մեր երկիրը: Մենք պայքարում ենք կյանքերի գնով կերտած մեր պետության, մեր իսկ կերտած Անկախության, պետականության ամրապնդման, մեր բանակի հզորացման համար:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Աշխարհի ամեն անկյունում ապրող եւ իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով եւ իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան»:

Այսօր հայ ժողովուրդը, կամավորականը, զինվորը պայքարում են սահմաններում, խրամատում: Մենք՝ երկրապահներս, ամեն օր կատարում ենք մեր սրբազան առաքելությունը՝ անմնացորդ նվիրվածությամբ ծառայելով մեր հայրենիքին. երկրապահը ամուր կանգնած է մեր բանակի, զինվորի կողքին: Հպարտությամբ նշեմ, որ ԵԿՄ Պատանի երկրապահները մեր վաղվա հզոր, պայքարող զինվորներն են, հրամանատարները, գեներալներն են: «Պատանի երկրապահ» ակումբի սաները գիտակցաբար եւ ամենայն պատասխանատվությամբ քայլում են մեր իսկ ճանապարհով:

Փա՛ռք երկրապահ կամավորականներին, մեր բանակին, զինվորներին, ազատամարտիկներին, պատանի երկրապահներին:

Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի նահատակված հայորդիներին:

Մեր խոնարհումը հերոսածին մայրերին:

Սիրելի՛ հայրենակիցներ

Մենք պարտավոր ենք համազգային համախմբվածությամբ կանգնելու մեր պետության, պետականության, բանակի կողքին:

Մենք պարտավոր ենք ամեն օրը նվիրելու մեր հայրենիքի հզորացմանն ուղղված գործին: Ամենքս մեր գործում պետք է լինենք լավագույնն ու ծառայենք հանուն հայրենիքի:

«Մեր խելքը մեզ այսօր ու հիմա է պետք»,- ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյան:

Փա՛ռք Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը:

Խաղաղություն մեր երկրին:

Աստված պահապան»։

--00--ԱՀ