Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է Արտակ Ապիտոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

դս

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը աշխատանքային այցով գտնվել է Լիբանանում:  

Բեյրութում Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանին։

Հիմնադրամի գործադիր տնօրենն Արամ Ա վեհափառին է ներկայացրել ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությունը և դրա նպատակները և սկզբունքները՝ ընդգծելով Հայաստանի ու հայության ապագայի միասնական կերտման նպատակով ներուժի համակարգման և համադրման անհրաժեշտությունը։ Ապիտոնյանն անդրադարձել է ս. թ. նոյեմբերին կայանալիք Համաժողովին, որի ընթացքում քննարկվելու են նախաձեռնության սահմանած նպատակներից երեքը («Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ») և դրանց իրագործմանն ուղղված ու փորձագետների կողմից ներկայումս մշակվող առաջնահերթությունները:  

Արտակ Ապիտոնյանը հանդիպում է ունեցել Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահ, Հայկազյան համալսարանի նախագահ դոկտ. Փոլ Հայտոսթեանի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է հայկական իրականության մեջ նախադեպը չունեցող «քաղաքացիական ասամբլեա» մոդելի վրա հիմնված նոյեմբերի 11-13-ը կայանալիք Ապագա Հայկականը առաջին Համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները կարևորել են հայության մտավոր և գիտական ներուժի ներգրավվումը մարտահրավերների հաղթահարման և ապագայի տեսլականի մշակման աշխատանքներին և հայ երիտասարդության ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներին։ 

ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը Բեյրութում հանդիպում է ունեցել Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ռաֆաէլ Պետրոս ԻԱ հետ: Կաթողիկոս Պատրիարքի հետ հանդիպմանը պրն Ապիտոնյանը  ներկայացրել է ս.թ. նոյեմբերի 11-13-ը կայանալիք Ապագա Հայկականի Համաժողովը, դրա անցկացման առանձնահատկությունները։ Քննարկումների ընթացքում ընդգծվել է զարգացման և բարեգործական կազմակերպությունների աշխատանքների և իրականացվող ծրագրերի համադրման և փոխլրացման կարևորությունը։ 

Արտակ Ապիտոնյանը նաև հարցազրույցներ է տվել Լիբանանի հայկական մի շարք լրատվամիջոցների։ 

Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 11-13-ը կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը, որին մասնակցության գրանցումը բաց է բոլորի համար:  

--00—ԻԴ