Վարչապետն ու նախարարը մանիպուլացնում են տնտեսական ազատության տվյալները. «Հետք»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը ԱԺ ամբիոնից հայտարարեցին, թե Հայաստանը 11-րդն է աշխարհում տնտեսական ազատության ինդեքսով։ Զուգահեռաբար, համացանցում տեղեկություններ շրջանառվեցին, որ Հայաստանն այս ինդեքսով 58-րդ տեղում է։ Իրականում, խոսքը տարբեր զեկույցների մասին է. իշխանությունները 2020 թվականի տվյալներ են հայտնել, մինչդեռ կա մեկ այլ՝ ավելի նոր զեկույց, որտեղ Հայաստանը հետընթաց է գրանցել։ Այս մասին անցնակցված հետաքննության արդյունքներով պարզել է «Հետք»-ը ։

Սեպտեմբերի 13-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ ԱԺ ամբիոնից։ Նա իր խոսքում կարճ անդրադարձավ նաև Հայաստանի տնտեսական զարգացումներին՝ հայտարարելով, որ ի հեճուկս գլոբալ դժվարությունների՝ Հայաստանը ունի շատ հստակ, որոշակի տնտեսական հաջողություններ և մեջբերեց Հայաստանի տնտեսական ազատության տվյալները։

«Նաև այս համատեքստում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ մի քանի օր առաջ հրապարակվեց տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում, և այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան ուղղակի վիճակագրական թվեր չեն։ Դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավելու»,- հայտարարեց վարչապետը։

Թե ովքեր են այդ զեկույցի հեղինակները, որ տարվա մասին է խոսքը և ինչ է ենթադրում այդ ինդեքսը, վարչապետը չմանրամասնեց։

Այս ելույթից ընդամենը մեկ օր առաջ նշված թեմային ԱԺ ամբիոնից անդրադարձավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ ԱԺ-ում քննարկվում էր «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը վերաբերում էր ցեմենտի ներմուծմանը։

Նախարարը նախ շեշտեց, որ Հայաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղական արտադրողների պաշտպանությանը և  Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը։

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ նախորդ շաբաթ՝ սեպտեմբերի 8-ին հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա  11-րդն է ամբողջ աշխարհում տնտեսական ազատությունների ցուցանիշով։ Սա շատ կարևոր է և ցույց է տալիս, որ կառավարությունը հետևողականորեն փորձում է բիզնեսը Հայաստանում դարձնել ավելի հեշտ, ավելի եկամտաբեր»,- ասաց Վահան Քերոբյանը։ 

Պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ևս նույն օրը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանը 11-րդ տեղում է՝ 165 երկրների շարքում։ Նա շեշտեց, որ Հայաստանին զիջում են այնպիսի երկրներ են, ինչպիսիք են՝ Լիտվան, Ճապոնիան, Կանադան, մեր հարևան Վրաստանը, Լատվիան, Նիդերլանդները, Չեխիան և բազմաթիվ մեզ ծանոթ տնտեսապես զարգացած երկրներ։ Եվ ընդամենը 10 երկիր կա Հայաստանից առաջ՝ տնտեսական ազատությունների ինդեքսով։

Պատգամավորը եզրակացրեց, որ վերջին չորս տարվա ընթացքում իրենց իրականացրած տնտեսական բարեփոխումները եւ ընդունած օրենքները նպաստել են Հայաստանում տնտեսական միջավայրի ազատականացմանը։

 «Դրանք միայն բառեր չեն, դրանք կոնկրետ գործողություններ են, որոնք միջազգային կազմակերպությունները հստակ գնահատականով արձանագրել են։ Այս առումով սա կարևոր ուղերձ է և պատահական չէ, որ վերջին ժամանակներում նաև սրա արդյունքում էր, որ Հայաստան էական ներդրումներ եկան, երբ որ աշխարհի տարբեր երկրներից, ընդհակառակը, ներդրումները և գումարը փախչում էին»,- հայտարարեց  Գևորդ Պապոյանը։

Շեշտելով տնտեսական ազատության ինդեքսում 11-րդ հորիզոնականի տվյալները՝ պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին հայտարարեց, որ «մենք այսօր փաստացի համարվում ենք ամենաազատ տնտեսություն ունեցող երկրներից մեկը»։

Այս տարվա սեպտեմբերի 8-ին Տնտեսական ազատության մասին զեկույց է հրապարակել Կանադայում գործող «Fraser Institute» հետազոտական կենտրոնը։

Կենտրոնը մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են պետական ծախսերն ու հարկերը, իրավական համակարգն ու գույքային իրավունքները, գնաճը, արտաքին առևտրի ազատությունը, շուկաներ մուտք գործելու, ազատ մրցակցությունը և այլն, կազմում է տվյալ երկրի տնտեսական ազատության ինդեքսը։

Այս զեկույցում Հայաստանն իսկապես 11-րդ տեղում է 165 երկրների շարքում։ Ու չնայած զեկույցը հրապարակվել է այս տարվա սեպտեմբերի 8-ին, սակայն թե վարչապետն ու նախարարը, թե պատգամավորները «մոռացան» նշել, որ այն արտացոլում է 2020 թվականի իրավիճակը։ Եվ հայտարարել, որ տվյալները ներկայացնում են հենց այսօրվա իրավիճակը ու չորս տարվա կտրվածքով եզրակացություններ անել, առնվազն մոլորեցնող է։

Առավել մանրամասն կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ