Ադրբեջանի հարձակման արդյուքում վնասվել են 192 բնակելի տուն, մեքենաներ, գյուղտեխնիկա, գազատար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այցելել է Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր և տեղում ծանոթացել Ադրբեջանի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Գրառման մեջ ասվում է․

«Երեկ և այսօր այցելել եմ Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզեր։

Տեղում ծանոթացել եմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին։

Հանդիպել եմ մարզպետներին, համայնքապետերին և տեղում քննարկել ենք ստեղծված վիճակը, անելիքները և այլ կազմակերպչական հարցեր։

Քննարկել ենք հրետակոծության հետևանքով վնասված ենթակառուցվածքները հնարավորինս արագ վերականգնելու վերաբերյալ հարցեր։

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրետակոծության արդյունքում ՀՀ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի տարբեր համայնքներում նախնական տվյալներով վնասվել է 192 բնակելի տուն, որից մոտ 60-ը վնասվել են գրեթե ամբողջությամբ, 3 բնակավայրում (Սոթք, Կութ և ք․ Ջերմուկ) վնասվել են վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, վնասվել են օժանդակ կառույցներ, հրդեհվել է 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի արտեր։ Յոթ բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Սիսիան, Կապան, Տեղ, Վարդենիս համայնքներում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։ Վնասվել են նաև Ջերմուկ համայնքի 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի։

Կեչուտի ջրամբարի մեջ 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցրել։

Առկա են բազմաթիվ այլ վնասներ, որոնք այս պահին գույքագրվում են»։

--00--ԱՀ