Կութի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցները շարունակվում են. վարչական ղեկավար

   ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News     

  

կութ

 

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցները, սակայն գյուղի ուղղությամբ այս պահին կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց բնակավայրի վարչական ղեկավար Գրիգորի Ավագյանը։

Իսկ մինչ այս, ըստ Ավագյանի, գյուղի ուղղությամբ հրետանային կրակի հետեւանքով վնասվել են մեծ թվով տներ, շինություններ, այդ թվում՝ գյուղապետարանի շենքը։

Քաղաքացիների շրջանում զոհեր, վիրավորներ չկան։ 

Կութի ղեկավարը նաեւ ասաց, որ հրադադար հաստատելու մասին խոսակցություններ կան, սակայն դեռևս շոշափելի արդյունքներ չկան։ 

Պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

«Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները»։

«Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհերի նախնական թիվը՝ 49 է», - ասված է հաղորդագրության մեջ։

 

 Սերգեյ Առաքելյան

 --00—ԱՊ