Ջո Բայդենը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարկ Լիբիի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

27361c54ace14d4e72c828e01419c4b9_1653072732.jpg

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Մարկ Լիբիի թեկնածությունը։ Այդ մասին նշվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ, գրում է «Հետք»-ը։ 

Մարկ Լիբին դիվանագիտական ծառայության կադրային աշխատակից է, ունի դեսպանորդ խորհրդականի աստիճան։ Ներկայում նա զբաղեցնում է Վաշինգտոնի ազգային ռազմական քոլեջի (Կոլումբիայի շրջան) Պետդեպարտամենտի ֆակուլտետի խորհրդականի պաշտոնը։ 

Նախկինում նա զբաղեցրել էր Եվրոպական միությունում ԱՄՆ ներկայացուցչության առաքելության ղեկավարի տեղակալի և գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը (Բրյուսել)։ Նրա արտասահմանյան մյուս գործուղումների թվում են Վարշավան, Նասաուն, Նիկոսիան և Բաղդադը, որտեղ նա աշխատել է որպես քաղաքական հարցերով խորհրդական։ 

Մարկ Լիբին Վաշինգտոնում աշխատել է Պետքարտուղարության օպերատիվ կենտրոնում որպես ճգնաժամային կառավարման տնօրենի տեղակալ, այնուհետ՝ Կենտրոնական Եվրոպայի հարցերով վարչության տնօրենի տեղակալ, Հարավային Եվրոպայի հարցերով վարչության տնօրեն և Դիվանագիտական ծառայության ինստիտուտի կողմնորոշման հարցերով տնօրեն։ 

Ավելի վաղ, Լիբին աշխատել է նաև Պետքարտուղարության քարտուղարության ապարատում, հետո կրկին վերադարձել այդտեղ՝ տնօրենի կարգավիճակում։ Նա ունի Մասաչուսեթսի Թաֆթսի համալսարանի բակալավրի աստիճան, նաև սովորել է Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտում։ 

Մագիստրոսի աստիճանը Լիբին ստացել է Ազգային ռազմական քոլեջում, որտեղ եղել է պատվավոր շրջանավարտ։ Ազատ տիրապետում է լեհերենին և ֆրանսերենին։ 

Առաջիկայում Մարկ Լիբիի թեկնածության քննարկումները կսկսվեն Սենատում, որի հավանությունը ստանալուց հետո միայն ԱՄՆ նախագահը կկարողանա նշանակել դեսպանին։ 

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան ​​Լի Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն արդեն իսկ ավարտվել է։ Նա նշանակվել էր 2019 թվականի մարտի 12-ին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։

--00--ՀԶ