Երևանի և 3 մարզերի՝ սննդի, էլեկտրոնիկայի, հագուստի վաճաքի կետերից գողություն անող խումբը բացահայտվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

գող
 

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից  մի շարք գողություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 31-ամյա տղամարդն ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու շուրջ համաձայնության գալով իր երկու ընկերների հետ, նախապես ծրագրելով ու մշակելով հանցագործության կատարման մեխանիզմը՝ 2019թ. դեկտեմբեր ամսին Արմավիրի մարզի մի շարք գյուղերի սննդի կետերից, էլեկտրոնիկայի և հագուստի վաճաքի սրահներից կատարել են զգալի չափերով գողություններ: Բացի այդ, վերջիններս  Էջմիածին քաղաքում և Շահումյան գյուղում, փորձել են հափշտակություններ կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:

Այնուհետև, հիշյալ անձինք զգալի և խոշոր չափերով հափշտակություններ են կատարել նաև  Երևան քաղաքում գտնվող ՍՊԸ-ի տարածքից, ինչպես նաև Կոտայքի և Արարատի մարզի տարբեր գյուղերում գործող խանութներից, գիշերային ակումբից և  դեղատնից:

Ավելին, նույն անձինք փորձել են գողություն կատարել նաև Երևան քաղաքում գործող խանութներից մեկից, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ

Տեսանյութեր