Փարիզում ուկրաինացի բիցեպսավոր ջահելը սպասարկվում է արտահերթ, իսկ Արցախը հայաթափելու խնդիր է դրված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

նկար

Արցախը հայաթափելու խնդիր է դրված, ու դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Իր ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այս օրերին Փարիզում եմ։ 

Կենտրոնական փողոցների բազմաթիվ շենքերի պատշգամբներից կախված է Ուկրաինայի դրոշը։ Մեծ ու փոքր համայնքապետարանների վրա փակցված է Ուկրաինայի դրոշը։ Ամենուր բացված են հատուկ ծառայություններ, որտեղ օգնություն են հավաքում ուկրաինացիների համար։ Խանութում, եթե անգամ 20 կիլոմետրանոց հերթ է և հերթում ծեր մարդիկ կան, միևնույն է, ուկրաինացի բիցեպսավոր ջահելը սպասարկվում է արտահերթ ու բոլորը խոնարհաբար նրան ճանապարհ են տալիս։ 

Էս լացացնող հումանիզմի ֆոնին Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ կապի, էլեկտրաէներգիայի, ջրի մատակարարման պարբերական խափանումներ, իսկ մարտի 8-ից գազատարի վնասում, ինչը ակնհայտորեն արել է Բաքուն։

Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացել են առանց ջեռուցման, չեն կարողանում աշխատել հացի արտադրամասերը, իսկ ադրբեջանցիները արցախցի սակրավորներին թույլ չեն տալիս մտնել վնասված գազատարի տարածք։ 

Այս ամենն արվում է Արցախը հայաթափելու համար, մինչդեռ հումանիտար այս աղետի վրա թքած ունեն թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ միջազգային հանրությունը, ով Ուկրաինայի համար հումանիզմի սալյուտներ է անում։ 

Ի դեպ, չմոռանանք, որ էս ֆոնին Ադրբեջանը հայտարարում է, որ 5 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ է ուղարկել Հայաստանին եւ սպասում է պատասխանի, ինչի բովանդակությանը հայ ժողովուրդը, բնականաբար, տեղյակ չի։ 

Արցախում հումանիտար ճգնաժամի համար բոլոր միջազգային կառույցները ոտքի հանելու փոխարեն՝ Փաշինյանը կառավարության նիստում մեծ ուրախությամբ ավետում է, որ թևակոխում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքների փուլ։

Իսկ երբ Փարիզում տարբեր պաշտոնյաների եւ պատգամավորների բացատրում ես, որ եւս մի քանի օր, ու Արցախում անդառնալի պրոցեսներ կարող են լինել, նրանք տալիս են խիստ տրամաբանական հարց՝ բա ինչո՞ւ ընդամենը մի քանի օր առաջ Մակրոնին հանդիպած Փաշինյանն այդ մասին ոչինչ չասաց, եւ ինչո՞ւ էր Թուրքիայում ձեր ԱԳ նախարարը երջանկությունից փլվում՝ Չավուշօղլու թաթը գրկած»,- գրել է նա։

--00—ԼՄ