ՀՀ-ն կարևորում է Լիտվայի հետ գործընկերային հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

 լիտվա

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը, շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը և նախարարի խորհրդական Է․ Հունանյանը։
Ողջունելով հյուրերին, նախարար Սիմիդյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար։
«Լիտվան աշխարհում առաջին երկիրն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։ Հայաստանի կառավարությունը չափազանց կարևորում է մեր երկրների միջև ջերմ և գործընկերային հարաբերությունները։ Խորհրդանշական եմ համարում նաև այն զուգադիպությունը, որ Դուք առաջին դեսպանն եք, ում հետ հանդիպում եմ նախարարի կարգավիճակը ստանձնելուց հետո»,-նշել է նախարարը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ կառավարության «10 մլն» ծառ նախաձեռնությանն առաջիններից արձագանքելու և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում լիտվական անտառ հիմնելու համար և տեղեկացրել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խնամում և ամենայն հոգատարությամբ են վերաբերվում մեր երկրների բարեկամության խորհրդանիշ անտառին։
Իր հերթին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հղում անելով մեր երկրների միջև բարձր մակարդակի դիվանագիտական և քաղաքական երկխոսության առկայությանը, պատրաստակամություն է հայտնել հետայսու ևս ջանքեր գործադրել ուղղված Շրջակա միջավայրի նախարարության հետ երկարաժամկետ համագործակցությանը։
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

2021 թվականից մեկնարկել է «Ապակե և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագիրը՝ ՀՀ-ում Լիտվայի դեսպանության և Լիտվայի Հանրապետության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության մասնակցությամբ: Ծրագրի շրջանակներում կազմակերպվել է «Թափոնների կայուն կառավարում. Լիտվայի փորձը և ԵՄ տեսլականը» խորագրով վեբինար, ինչպես նաև ՀՀ 5 ներկայացուցիչների (շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանի գլխավորությամբ) մասնակցությամբ ուսուցողական այց է կայացել Լիտվա։ Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները ծանոթացել են ապակյա և պլաստիկ տարաների դեպոզիտային (վերադարձման) համակարգի լիտվական առաջադեմ փորձին և ուսումնասիրել մոդելի ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։

«Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է ՀՀ-ում արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման աշխատանքները՝ որպես հանձնառություն ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո։ Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման պարտավորությունը մինչև 2023թ. իրականացնելու համար կարևոր է օրենսդրական շրջանակի մշակումը։ Հաշվի առնելով արդեն իսկ ձևավորված սերտ համագործակցությունը լիտվական կողմի հետ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2021թ. դեկտեմբերի պաշտոնապես դիմել է լիտվական կողմին՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման շրջանակներում օրենսդրական շրջանակի մշակման օժանդակության համար։Տիկին Ստանիտե-Տոլոչկիենեն պատրաստակամություն է հայտնել օժանդակել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ծրագրի կյանքի կոչման հարցում։

Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի փոփոխության ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրում՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում Գետքի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 30 կվտ հզորությամբ արևային էլեկտրակայան։ Էլեկտրակայանի տեղադրումը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրերի կառավարման գործակալության կողմից:
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը առանձնակի շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին՝ Հայաստանում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ակտիվ գործունեության համար։
Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին և պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ ավելի առողջ և պաշտպանված շրջակա միջավայրի։

 --00—ՄՀ