Նիկոլը ևս 10 տարի էլ կմնա, քանի այս որակի ընդդիմություն ունենք, հաշտվե՛ք այդ մտքի հետ. Ն. Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News

Նիկոլը ևս 10 տարի էլ կմնա, քանի այս որակի ընդդիմություն ունենք, հաշտվե՛ք այդ մտքի հետ։ Այս մասին 24 TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, խորհրդարանական ընդդիմությունը և հատկապես «Հայաստան» դաշինքը մատնված են անգործության և «ինֆանտիլ վարքագիծ են դրսևորում՝ չկարողանալով որևէ էական խնդիր լուծել»։

Զոհրաբյանը նաև խիստ քննադատության ենթարկեց ընդդիմության կողմից նախագահի թեկնածու չառաջադրելու փաստը՝ դա դիտարկելով որպես «քաղաքական ինքնասպանություն»։ Բանախոսի կարծիքով,  ԱԺ-ում նստելով հնարավոր չէ իշխանափոխության հասնել, անհրաժեշտ է մանդատները վայր դնել և անցնել առավել լուրջ պայքարի։

Մեր հյուրը նաև կասկած հայտնեց, թե հնարավոր է, որ ընդդիմությունն  ու իշխանությունը պայմանավորվածություններ ունեն և շարժվում են ըստ այդ պայմանների՝ «երկարաձգելով իրենց կյանքը»։

Հաշվի առնելով երկրի ներքին և արտաքին ծանր վիճակը, հայկական շահերի անտեսումն ու ստվերումը՝ Զոհրաբյանն եկավ այն եզրակացությանը, որ «մենք ո՛չ ընդդիմություն ունենք և ո՛չ էլ իշխանություն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ