Շնորհակալ եմ մեր 100-ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար. Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր միաձայն բուհի ռեկտոր է ընտրել պրոֆեսոր, բժիշկ Արմեն Մուրադյանին: Ֆեյսբուքյան իր էջում այս առթիվ արված գրառմամբ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել յուրաքանչյուրին՝ 100-ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին իրեն վստահելու համար:

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր հարյուրամյա պատմության ընթացքում հանդիսացել է և շարունակում է լինել մեր երկրի կարևորագույն բժշկական և առողջապահական կրթօջախը՝ ապահովելով որակյալ բժշկական կադրերի պատրաաստում և ժամանակակից բժշկական օգնության տրամադրում։

Այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցի բժշկական համալսարանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը, որը հիմնված է լինելու 7 հիմնասյուների վրա․

  • Մրցունակ և որակյալ ուսանողակենտրոն կրթություն
  • Ժամանակակից և անվտանգ պացիենտակենտրոն բժշկություն
  • Հայտնագործություններ և նորարարություններ
  • Ճգնաժամերին պատրաստվածություն և կառավարում
  • Թվայինացում և գործունեության թափանցիկություն
  • Միջազգային բրենդի ձևավորում
  • ԵՊԲՀ ողջ համայնքի ներգրավում համալսարանի աշխատանքներում
  • ՀՀ տնտեսական զարգացման խթանում:

Ներկայացրածս ծրագիրն ամփոփ ներկայացնում է առաջիկա 5 տարիների ընթացքում պլանավորվող աշխատանքների հիմնական ուղղությունները, որոնց ազդեցությունը, բնական է, չի սահմանափակվի միայն այդ 5 տարիներով և կունենա երկարաժամկետ և մուլտիպլիկատիվ էֆեկտ:

Մեր նպատակն է կատարելության և որակի միջավայրի ստեղծումը: Բժշկության և կրթության ոլորտում ստատուս քվոն մեզ համար անընդունելի է, և Երևանի պետական բժշկական համալսարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է աշխատի պրոգրեսի և առողջ հայրենիք կերտելու ուղղությամբ:

Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:

Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նպատակն է դառնալ լավագույնը տարածաշրջանում և լինել աշխարհի լավագույնների շարքում»,- գրել է նա:

--00--ԱԹ