Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցում արցախցիներին ահաբեկելը նոր թափ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակական

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցիալական ցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ, այս կամ այն հարցի կապակցությամբ շոշափել հանրային տրամադրություններն ու կարծիքները:

Երեկ Արցախի Հանրապետության դատախազություն է ներկայացվել հաղորդում այն մասին, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցիալական ցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի Հանրապետության քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ` այդ ընթացքում նրա մասին ներկայացնելով այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են Արցախի Հանրապետության քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին:

Հիշյալ հաղորդումը ուղարկվել է Արցախի ազգային անվտանգության ծառայություն՝ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար:

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին կրկին անգամ խնդրում և հորդորում ենք զերծ մնալ սոցիալական ցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց, իսկ նման իրավիճակում հայտնվելու դեպքում անմիջապես հաղորդել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը»,- ասված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ:

--00--ԿԿ