Որոտանում ադրբեջանական հենակետից ռազմագերիների ու անհետ կորածների հարցեր. շաբաթը` ամփոփ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հենակետ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ներկայացնում է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:

Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Շաբաթվա սկզբնամասում հայկական մեդիատիրույթում ու սոցիալական ցանցերում առավել ակտիվ քննարկվում էր Որոտանի ճանապարհային հատվածում ադրբեջական ոստիկանական կետի տեղադրման թեման։

Մասնավորապես, ըստ մեր ԱԱԾ հաղորդագրության, սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից սկսած Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ, ադրբեջանական ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

Ադրբեջանցիները ստուգում, նոր միայն ազատ են արձակում իրանական բեռնատարները։ Ստուգումից հետո իրանցի վարորդներին ստացական են հանձնում, որտեղ մոտավոր թարգմանությամբ գրված է ադրբեջանական «Հարավային տարածքի» մաքսատան համարանիշը, եթե հաճախորդը իրավաբանական անձ է, ապա նրա անունը, «Եկամտի ընդունման» սանդղակի մեջ՝ ապրանքի չափը, աշխատանքը, սպասարկումը և այլն։

Ուշագրավ է, որ ավելի վաղ Սյունիքի մարզպետը հայտնել էր, թե Որոտանի հատվածի իրենց տարածքում են ադրբեջանցիները ոստիկանական կետ տեղադրել, և այն ոչ մի վտանգ չի ներկայացնում իրենից, ռուսների հսկողության տակ է։ Մարզպետի այդ հայտարարությունը փորձագիտական շրջանակների ու սոցցանցերի օգտատերերի կողմից բուռն քննադատության է արժանացել։

Հայ լրագրողները եղել են Սյունիքում և անձամբ ֆիքսել, թե ինչպես են ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար (խոսք է գնում մինչև 250 դոլար դոլար պահանջի մասին)։

Երբ վարորդներն ասել են, թե գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և տեղեկացրել, որ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները։

Նշենք նաև, որ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։

Շաբաթվա ընթացքում Սյունիքում իրանական բեռնատարների մեծ հերթեր են գոյացել։ Այդ ճանապարհին սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կանգնեցրել ու ստուգել են նաև երեք հայկական բեռնատար, ինչպես նաև հայ զինծառայողների համար հաց տեղափոխող քաղաքացիական ավտոմեքենա:

Տելեգրամյան ալիքներով նաև գրում են, որ ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։ Այնուհետև հաստատվեցին նաև այդ տեղեկությունները։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ վարորդները ցեմենտ են տեղափոխել Ստեփանակերտ։ Այդ պատճառով էլ իրանցիները ձերբակալվել են։

Լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Որոտանի հատվածում շարունակելու է գործել ադրբեջանական ոստիկանական հենակետը, նշել է, որ Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։

Պապիկյանը նաև նշել է, որ Գորիս- Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Նա նաև ընդգծել է, որ այս ռիսկերը չէին քննարկվել՝ հաշվի առնելով, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են:

Սեպտեմբերի 16-ին ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան Բաքու և Երևան է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի վերաբերյալ իր առաջարկները և սպասում է արագ պատասխանի:

Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին, և իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Որոտան գյուղի մերձակայքում, հերթական անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի շուտափույթ գործարկման պահանջվածությունը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այդ հայտարարությանը, նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել։

«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել»,- ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Շաբաթվա ընթացքում տելեգրամյան ալիքներն ահազանգել են, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հրամանով ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում գտնվող ՈՒխտասար հնավայրը հանձնվել է թշնամուն։ Սակայն այդ տեղեկատվությունը ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքել է։

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Սեպտեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվող ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների, Պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին նաև անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին, հայտարարելով, որ Բաքուն մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները:

Սեպտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատերազմում անհայտ կորած անձանց թվին, հայտարարել է, որ այդ օրվա դրությամբ՝ գտնվելու վայրն անհայտ 243 անձ կա։

44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները որոշել են իրենց զավակների նկարներով սեպտեմբերի 17-ից ժամը 17-ից սկսած հավաքվել Հանրապետության հրապարակում և պահանջել կառավարությունից՝ չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ի համերգը:

Այլ թեմաներ

«Այլընտրանքային նախագծերի խումբը հայտարարություն է տարածել, որն ստորագրել են պատերազմում զոհված զինծառայողների ավելի քան 340 հարազատ՝ կոչ անելով հրաժարվել սեպտեմբերի 21-ին գունագեղ միջոցառում կազմակերպելու մտադրությունից։ Հարազատները «գունագեղ համերգի անցկացումը համարում են վիրավորանք իրենց և իրենց որդիների հիշատակին»։

ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ 2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը:

ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարների խորհուրդների և ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին:

Հայաստանը ՄԱԿ-ի միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ դատավարություն է նախաձեռնել՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիային համապատասխան: Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին, ինչն արտահայտվել է նաև զանգվածային սպանությունների, կտտանքների ու այլ խախտումների մեջ:

Հայցում կա նաև Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր ապահովիչ միջոցներ սահմանելու պահանջ։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների զորամասերում, տարբեր ստորաբաժանումներում անցկացվել են շտաբային, մասնագիտական մարզումներ, հրաձգության, գործնական պարապմունքներ, տեղի են ունեցել ստուգումներ զորամասերում և մարտական հենակետերում։

Շարունակվում են նաև եռամսյա հավաքների մասնակից պահեստազորայինների մարտական պատրաստության պարապմունքները, իսկ սեպտեմբերի 10-ից հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր։

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է հայտարարված վարժական հավաքներին ներգրավել նաև ահեստազորի առաջին խմբում հաշվառված սպայական կազմի բժիշկ-մասնագետների՝ երկու ամիս ժամկետով:

Նոր որոշման համաձայն, վարժական հավաքներին կընդգրկվել նաև պահեստազորի սպայական կազմի առաջին խմբում հաշվառված մինչև 24 բժիշկ մասնագետներ: Այսինքն՝ բժշկական մասնագիտություններով մինչև 24 պահեստազորային՝ 2021 թվականի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 14-ը ներառյալ:

ՊՆ մամլո հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 14-ին ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Բելառուսի «Օբուզ Լեսնովսկ» զորավարժադաշտում դիտորդի կարգավիճակով կմասնակցեն ՌԴ և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլին:

Պն-ն նաև հայտնում է, որ ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։

Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։

--00--ԱԹ