Ստեփանակերտում տեղադրվել է Շառլ Ազնավուրի կիսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22,  24News

Ազնավուր

ԱՀ պետական բյուջեի միջոցներով Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարծքում գտնվող հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում այսօր՝ մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնյե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կիսանդրու բացման պատիվը տրվել է քանդակագործ , կիսանդրու հեղինակ Յուրի Հովհաննիսյանին և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանին:

Ֆրանսահայ երգչի կատարումներով և պարերով հանդես են եկել «Արցախի բալիկներ» համույթի սաները և Արցախի պետական պարի համույթը:

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Հովսեփյանը, ներկայացնելով Շառլ Ազնավուրի կենսագործունեությունը, բարձր է գնահատել ֆրանսահայ մեծանուն երգչի դերն ու վաստակը համաշխարհային մշակույթում և հայ ժողովրդի կյանքում:

«Անուրանալի է Շառլ Ազնավուրի դերը նաև Սպիտակի երկրաշարժի տարիներին: 2001 թվականին Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700- ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը՝ Մեծ եղեռնի հուշարձանի հավերժական կրակի առջև, Շառլ Ազնավուրը երգել է իր նշանավոր «Ավե Մարիա» երգը: Նա մշտապես աջակցել և կարեկցել է հայ ժողովրդին: Եվ այսօր՝ նրա ծննդյան օրը, հայ- ֆրանսիական բարեկամությունը խորհրդանշող գողտրիկ պուրակում կանգնեցվել է նրա կիսանդրին: Հպարտ ենք, որ մեր կենտրոնը կրում է ազգանվեր գործչի անունը: Սիրելի´ Շառլ, Ձեր անունը միշտ վառ կմնա յուրաքանչյուր հայի սրտում»,- մասնավորապես ասել է Ա. Հովսեփյանը:

Քանդակագործ Յուրի Հավհաննիսյանի խոսքով՝ մայիսը հայ ժողովրդի համար ճակատագրական հաղթանակների ամիս է, և պատահական չէ , որ տիեզերական մեծության Շառլ Ազնավուրը ծնվել է մայիսին։ Մի մարդ, ով այնքան սեր, հույս, հավատ, բարություն է մաղթել մարդկությանը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ՄՀ