Ալրաղացի Լյովիկին արտահանձնելու միակ նպատակը Մարտի 1-ի գործով ցուցմունք կորզելն էր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

ալրաղացի Լյովիկ

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովիկին արտահանձնելու, ՀՀ վերադարձնելու միակ նպատակը եղել է նրան «Մարտի 1»-ի գործով նրանից ցուցմունք կորզել ինչ- որ պաշտոնատար անձի վերաբերյալ: Ինչպես հայտնում է Pastinfo-ն, այս մասին Ալրաղացի Լյովիկի գործով դատական նիստին հայտարարել է փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Նշենք, որ քրեական գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում, այժմ դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ուսումնասիրում է գործում առկա փաստաթղթերը:

Գրավոր ապացույցներից մեկի զննության ժամանակ, որը վերաբերում էր նախաքննության ընթացքում քննիչի հարցմանը՝ կապված Սարգսյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, փաստաբան Աշոտ Սարգսյանը հայտարարել է, որ երկու տարվա ընթացքում որևէ քաղաքական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն քննիչն ինքն է բերել և մտցրել քաղաքականության մեջ: Փաստաբանի խոսքով՝ «Մարտի 1»-ի հետ կապված բոլոր մեղադրյալների վերաբերյալ, որոնց նկատմամբ հայտարարված է հետախուզում, ՌԴ-ի կողմից մերժվել է արտահանձնումը, ուստի՝ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այլ հոդվածով, որն իբրև որևէ քաղաքական ենթատեքստ չունի և այդ մեղադրանքով է արտահանձնումն սկսվել:

«Այս ամենը Մոսկվային է վերաբերում, հարց է ուղղում՝ երբևիցե հարցաքննվել է, թե ոչ: Ինչու դու չգիտե՞ս, որ չի հարցաքննվել: Եթե 2018թ հետախուզում է հայտարարվել, Լևոն Սարգսյանը ոնց պետք է հարցաքննվեր»,- նշել է Սարգսյանը՝ հավելելով, որ արտահանձնումից հետո Լևոն Սարգսյանի մասնակցությամբ առերես հարցաքննություն է եղել, ինչից հետո՝ հաջորդ օրը, Սարգսյանին ՀՔԾ են կանչել՝ Մարտի 1-ի գործով հարցաքննելու համար:

Փաստաբանը տեղեկացրել է, որ Մարտի 1-ի գործով Սարգսյանը հրավիրվել էր հարցաքննության՝ վկայի կարգավիճակով, սակայն կասկածանքի շուրջ, ուստի հրաժարվել են ցուցմունք տալուց:

--00--ԱԹ