Մարտի 1-ի գործով արդարադատությունից խուսափելու միտում եմ տեսնում. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

մարտ

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարության, թե այլևս չեն մասնակցելու գործով դատական նիստերին, հայտնել է, որ չնայած ամբողջությամբ ծանոթ չէ Մարտի 1-ի զոհերի հարազատների հայտարարությանը և պատճառաբանություններին, բայց կարծում է, որ ճիշտ չէ դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը կապել կոնկրետ գործի հետ:

«Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ ես ինքս առանձին դեպքերում տեսնում եմ միտումներ դատական նիստերը ձգձգելու, և ինքս տեսնում եմ որոշակի երևույթներ, այսպես ձևակերպեմ, «արդարադատությունից խուսափելու», չգիտեմ՝ էս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր կա՛մ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, կա՛մ չի հայտնում ինքնաբացարկ: Բնականաբար, էս բոլոր խնդիրները կուտակված են տարիներ շարունակ»,-ասել է Ռուստամ Բադասյանը:

Հարցին՝ իրենք (խմբ.՝ դատավորները) կարո՞ղ են ասել, որ դա իրանց իրավունքն է, Բադասյանը շտապել է պատասխանել. «Չէ՛, դա, բնականաբար, իրենց իրավունքը չէ, որովհետև էն դեպքում, երբ որ անձն ինքնաբացարկ է հայտնում, երբ որ չպիտի հայտնի, և հակառակը, էդ դեպքում կարգապահական խախտում է թույլ տալիս: Որովհետև չի կարելի ուղղակի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել կամ չհայտնել. դա հստակ կանոնակարգված է»:

--00—ԼՄ