«Հայաստան» հիմնադրամն անկողնային տաք պարագաներ է հատկացրել արցախցի ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

․

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախից տեղահանված շուրջ 200 ընտանիքի տրամադրել է ձմեռային անկողնային պարագաներ՝ բարձեր եւ վերմակներ:

Անկողնային պարագաները կարվել են հենց արցախցի կանանց կողմից, երբ նրանց զբաղվածության խնդիրը լուծելու համար Project Hope կազմակերպությունը Ծաղկաձորում հիմնել էր կարի 2 փոքրիկ արտադրամաս եւ այնտեղ ապաստանածներին ապահովել աշխատանքով:

Հիմնադրամի հոգածությամբ պատվիրված ավելի քան 400 տաք հավաքածուները «Հո´գ տար» սոցիալական նախաձեռնության միջոցով բաշխվեցին Կոտայքի մարզի տարբեր համայնքներում՝ Աբովյանում, Նոր Հաճնում, Նոր Գեղիում, Կամարիսում, Եղվարդում եւ հարակից գյուղերում ու քաղաքներում ապաստանած ընտանիքներին:

Ծրագրի շահառուներն ընտրվել են նախապես գրանցված այն ընտանիքներից, որոնց համար առաջնային խնդիր է եղել տաք իրերի ապահովումը: Հաշվի է առնվել նաեւ ընտանիքների բազմանդամությունը: Յուրաքանչյուր ընտանիքի հատկացվել է երկուական բարձ եւ վերմակ:

«Քանի որ մենք մեր ամբողջ ունեցվածքն ու իրերը թողել ենք Արցախում, նմանատիպ ծրագրերն օգնում են ինչ-որ չափով թեթեւացնել կենցաղային հոգսերը»,- նշում է ծրագրի շահառու, Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչ Գայանե Բադալյանը:

Անկողնային պարագաները բաժանվեցին Կոնտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված կենտրոնակայանից, իսկ այն բնակիչներին, ովքեր հնարավորություն չունեին անձամբ մոտենալ եւ վերցնել պարագաները՝ կամավորներն իրենք հասցրին դրանց կարիքն ունեցող բոլոր ընտանիքներին:

--00--ԱՀ