Սփյուռքի հանձնակատարը և ՀՀ սոցապ նախարարը քննարկել են Արցախում աշխատավայր ստեղծելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սփյուռքի մասնագիտական ներգրավվածության հարցը:

«Քննարկումը ծավալվեց հետևյալ ուղղություններով.

1. սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում,

2. աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոտեզավորման գործընթաց),

3. հոգեբանական աջակցություն և ոլորտային փորձի փոխանակում սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետների միջև,

4. Արցախում աշխատավայրերի ստեղծում, և թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին և բարեգործական նախաձեռնություններին:

«Եթե Դուք սփյուռքահայ եք և վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը և վկայականները»,-նշված է հաղորդագրությունում:

--00—ԼՄ