Գավառի ԲԿ-ում վիրավորներին հասցվել են վնասվածքներ կտրող-ծակող գործիքներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News 

հասարակական

    

Գավառի բժշկական կենտրոնում տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավոր անձանց և նրանց մոտ գտնվող խնամողին հասցվել են վնասվածքներ՝ կտրող-ծակող գործիքներով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գավառի ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արամ Ավետիսյանը։

«Ապրիլի 28-ին, դրսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեզ մոտ տեղափոխվածների վիճակները գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, կոտրվածքներով։ Նրանց հետ հիվանդանոց է տեղափոխվել նաև 2 հոգի, որոնց մոտ արդեն գրանցված է եղել կլինիկական մահ»,- նշեց Ավետիսյանը և հավելեց, որ ոստիկանական ուժերը ժամանել են ԲԿ հիվանդներին ընդունելուց անմիջապես հետո։

Բժշկի խոսքով՝ հրազենային վնասվածքներ ստացած անձանց իրենք համապատասխան բուժօգնություն ենք ցույց տվել։ Այդ ընթացքում, վիճաբանության կողմերից մեկի հարազատները՝ ճեղքելով ոստիկանության պատնեշը, մտել են հիվանդանոց և պատուհաններն ու դռները կոտրելով՝ փորձել են գտնել ԲԿ-ում գտնվող վիրավոր անձանց։

«Հիվանդանոց ներխուժած անձինք փախուստի դիմեցին այն ժամանակ, երբ հիվանդասենյակներից մեկում գտան և հարձակում գործեցին այն անձի վրա, ում փնտրում էին։ Այդ պահին այնտեղ գտնվել են ոստիկանական ուժեր, իսկ հիվանդասենյակում եղել է պացիենտի խնամողը։ Բոլոր վիրավորներին մարմնի տարբեր հատվածներին հասցվել են կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ, այդ թվում հիվանդասենյակում գտնվող խնամողին, ում վիրահատել ենք մեզ մոտ, ինչից հետո տեղափոխվել է Երևան»,- ընդգծեց Ավետիսյանը։

Բոլոր վիրավորներին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Երևան։ Բուժանձնակազմից ոչ ոք չի տուժել և վնասվածքներ չի ստացել։