Օմբուդսմենն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Գավառի ԲԿ և Նորատուս գյուղ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

միպ

Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը սահմանել է շուրջօրյա դիտարկում:

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերը  գործուղվել են ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ:

Պաշտպանի ներկայացուցիչները Գավառում և Նորատուս գյուղում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում:

Ոստիկանության բաժիններում արդեն իսկ տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված, այդ թվում՝ ձերբակալված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են մի շարք ահազանգեր, կապի մեջ ենք իրավապահ մարմինների և փաստաբանների հետ:

Պաշտպանի իրավասության սահմաններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:

Այդ մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը:

Նշենք, որ ապրիլի 28-ին Գավառում փոխհրաձգություն էր տեղի ունեցել մի խումբ գավառցիների և նորատուսցիների միջև։ Կրակոցների հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ռազմական ոստիկանության քննիչ Զորիկ Պարոնիկյանը և Նորատուս համայնքի բնակիչ, «Նորատուսցի արջ» մականունով հայտնի երիտասարդը։ Վիրավորում են ստացել 4 քաղաքացիներ, որոնցից 2-ը տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ 2-ը տեղափոխվել էին Գավառի հիվանդանոց։

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն, կան բերման ենթարկվածներ։