Հրաչյա Հակոբյանը կոչ է անում նվազեցնել բուքմեյքերական ընկերությունների գովազդները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

հրաչյա

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը բուքմեյքերական ընկերություններին կոչ է անում ստեղծված իրավիճակում նվազեցնել իրենց ընկերությունների գովազդները և գայթակղիչ գովազդների միջոցով չտանել դեպի այդ հարթակ:

«Կոչ, հորդոր, ինչու չէ նաև խնդրանք բոլոր բուքմեյքերական ընկերություններին և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում հայտարարված է արտակարգ դրություն, և մարդկանց հորդորում են մնալ տանը և հնարավորինս քիչ տանից բացակայել, կոչ եմ անում բոլոր բուքմեյքերական ընկերություններին, ինչպես նաև բոլոր այն ընկերություններին, որոնք կազմակերպում են ինտերնետ շահումով խաղեր այս օրերի ընթացքում համացանցում նվազեցնել իրենց ընկերությունների գովազդը:

Ամիսներ առաջ մենք միասին քննարկում էինք ձեր ընկերությունների գովազդի սահմանափակման օրինագիծը, որի ժամանակ ես որպես նախագծի հեղինակ մի քանի զիջումների գնացի ելնելով օբյեկտիվ պատճառներից:

Հիմա հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որը կարծում եմ ամբողջովին օբյեկտիվ պատճառ է, որպեսզի Ձեզ դիմեմ կոչով եւ հորդորով, դադարեցնել այս գովազդային արշավը սոց ցանցերում եւ տարբեր կայքերում: Պետք չէ օգտվել ստեղծված իրավիճակից եւ հիշեցնելով տանը մնալու հանգամանքը, մեր քաղաքացիներին գայթակղիչ գովազդների միջոցով տանել դեպի այդ հարթակ:

Բոլոր այն կայքերը, որոնք տեղադրում են սույն ընկերությունների գովազդը նույնպես կոչ եմ անում այս ժամանակահատվածում զերծ մնալ նման բովանդակությամբ գովազդներ տեղադրելուց»,-գրել է պատգամավորը: