Նախատեսում ենք հողօգտագործողներին տրամադրվող 200 հազար պետաջակցությունը դարձնել 500 հազար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

արայիկ

Ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաև կիվիի այգիներ․ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին: Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու:

«Բերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի»: Հարությունյանը Բերդաշենը գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարևոր հանգրվան է համարում․ «Մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձևավորված մշակույթն են կրում»:

Նախատեսվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան և արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաև կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

«Կարծում եմ՝ Արցախը զարգացնելու մեր ծրագիրը միանգամայն իրատեսական է նաև ձեզ համար, քանի որ ջանում եմ մանրամասն վերլուծություններով ներկայացնել յուրաքանչյուր համայնքի, ենթաշրջանի և շրջանի բոլոր առանձնահատկություններն ու դրանց կիրառումը գործնականում»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է Ա. Հարությունյանը: