Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

արայիկ

«Մարդու կյանքը մեզ համար բացարձակ արժեք է, և, քաղաքական որևէ շահախնդրությունից ելնելով, չենք կարող վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը»: Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը փակ շինություններում նախընտրական քարոզարշավը դադարեցնելու հայտարարություն է արել: Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի ներթափանցման ու տարածման ռիսկերը մեր հանրապետությունում և հետևելով փակ տարածքներում մարդաշատ հավաքներից խուսափելու վերաբերյալ մասնագետների խորհուրդներին՝ մեր քաղաքական թիմը որոշում է կայացրել վաղվանից դադարեցնել նախընտրական քարոզարշավի հանդիպումները փակ շինություններում: Մարդու կյանքը մեզ համար բացարձակ արժեք է, և, քաղաքական որևէ շահախնդրությունից ելնելով, չենք կարող վտանգի ենթարկել մեր քաղաքացիների առողջությունը: Տեղեկացնեմ նաև, որ նախընտրական քարոզչությունն արդյունավետ շարունակելու նպատակով մենք հիմնականում կօգտագործենք հանրային և մասնավոր հեռուստաընկերությունների տրամադրած եթերաժամանակները, ֆեյսբուքյան ուղիղ եթերները և բաց երկնքի տակ մարդկանց փոքրաթիվ խմբերի հետ հանդիպումները, որոնց ժամանակ էլ նախատեսում ենք տարբեր կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել:

Միևնույն ժամանակ ընդգծում ենք հետևյալ կետերը՝

1.Արցախի Հանրապետության իշխանություններին հորդորում ենք չհապաղել վիրուսի ներթափանցումն ու տարածումը կանխարգելող աշխատանքների կազմակերպման հարցում՝ կիրառելով պետական համապատասխան մեխանիզմները և հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին:

2.Պետական իշխանությունները պետք է պլանավորեն բոլոր հնարավոր սցենարները՝ պատրաստ լինելով ոչ միայն առողջապահական առումով, այլ նաև վերացնել կամ գոնե մեղմացնել այս իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական բացասական հետևանքները քաղաքացիների ու տնտեսվարող սուբյեկտների համար:

3.Այս իրավիճակում պետական պատկան մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեն նաև ընտրությունների օրը քաղաքացիների պատշաճ անվտանգությունը երաշխավորելու և ռիսկերն առավելագույնս նվազեցնելու ուղղությամբ:

4.«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքն իր պատրաստակամությունն է հայտնում հնարավորինս աջակցել պետական մարմիններին ու հանրությանը արդյունավետ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և պատշաճ քաղաքականություն մշակելու ու իրականացնելու գործում:

5.Ներողություն ենք խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներից, ում հետ պլանավորված հանդիպումները ստիպված ենք չեղարկել կամ փոխել ձևաչափը: Հանուն մարդկային կյանքի ու առողջության մենք պարտավոր ենք նեղություն տալ ինքներս մեզ:

Ի դեպ, իրավիճակով պայմանավորված՝ սահմանների փակման և դրա հնարավոր երկարաձգման դեպքում, ապահովված ենք էներգետիկ և պարենային բավարար ռեսուրսներով, ինչը իմ՝ գործադիր իշխանության ղեկավարման տարիների կարևորագույն ձեռքբերումն եմ համարում: Հավաստիացնում եմ, որ նմանատիպ գրեթե ֆորսմաժորային իրավիճակներում անգամ Արցախի զարգացման մեր ներկայացրած հավակնոտ ծրագիրը ձախողման վտանգ չի պարունակում, և մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան կերտելու համար ունենք բոլոր հաշվարկված քայլերի սցենարները:

Առողջություն, ողջախոհություն և անխուճապ տրամադրություն բոլորին»: